Կոմտիասի 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնող բնակիչներից մի քանիսն այսօր հերթական բողոքն են ուղղել քաղաքապետարանի համապատասխան մարմիններին՝ ակցիա անցկացնելով քաղաքապետանի շենքի մոտ:
Անիմաստ համարելով ոստիկանների անմիջական հսկողությամբ ընթացող շինհրապարակի տարածքում ակցիաներ անցկացնելը՝ բնակիչները որոշել են իրենց վրա ուղղել քաղաքապետարանի աշխատակիցների ուշադրությունը:
«Ոչ ոք չի ասում՝ «գնանք՝ տեսնենք՝ էդ բնակիչների պահանջն ինչ է», սաղ օրը ներվայնացած ապրում ենք: Մի շաբաթ առաջ նամակ ենք ուղարկել ԱԻՆ ու խնդրել, որ գան տեսնեն վթարային դարձած մեր շենքերն ու ենթակայանից մեր բնակարաններում տարածվող էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը, սակայն ոչ ոք չի արձագանքում: Թաղապետին ենք դիմել՝ նորից լռություն է: 4 տարում բոլոր դատարանների դռները ծեծել ենք, սակայն ոչ մի ազդեցություն կառուցապատողի վրա չկա», – ասել է Կոմիտասի 5 Ա շենքի բնակիչ Գոհար Սիմոնյանը:
Ակցիայի մասնակից Մուշեղ Սուվարյանն էլ նշել է, թե իրենց նպատակը քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին հանդիպելն է, ինչի «դաբրոն» ստացել են, սակայն այնքան էլ հույս չունեն, թե հանդիպումը կկայանա:
«Ուզում եմ պրեզիդենտին հարց տալ՝ էդ որ բոլոր բիզնեսմենները գալիս են մեր երկիր ու մեր միջոցներով շինարարություն են անում, հարստանում են, դա անում են՝ մեր հող ու ջրի, մեր մեռելների ու մեր վրա թքելով, ու դուք, պարոն պրեզիդենտ, գնում դրանց հետ նստում հաց եք ուտում, նստում եք մեջլիսի, էդքանից հետո ո՞ւր է ձեր արժանապատվությունը: Ես զապիս ունեմ, որ կառուցապատող Աբրահամ-Քեշիշը ասել է՝ «թքած ունեմ էս հող ու ջրի վրա», ու ըտեղ նստած են եղել Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանն ու գլխավոր ճարտարապետը: Եթե այս խոսքերն ասելուց հետո էդ մարդուն մեր երկրից չեն վտարում, ուրեմն մի շահ ունեն դրանից, ու էսքանից հետո ոնց կարելի է էս երկրում ապրել», – ասել է Սուվարյանը և հավելել, որ այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանի ղեկավարությունն անմիջական կապ ունի նման մարդկանց հետ:
Ակցիայի մասնակիցները նշել են, թե քաղաքապետից ցանկանում են տեղեկանալ՝ ովքեր են պատախանատու իրենց կրած վնասների համար ու ովքեր են փոխհատուցելու 50-60 տարվա շենքերը վթարային դարձնելու համար: