Home / Հայաստան / «Եթե Տիգրան Առաքելյանին համաներմամբ ազատեն, էլի գոհ ենք…» Լևոն Զուրաբյան

«Եթե Տիգրան Առաքելյանին համաներմամբ ազատեն, էլի գոհ ենք…» Լևոն Զուրաբյան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Mediamax.am-ի ոչ պաշտոնական տեղեկություններին, որ առաջիկայում սպասվող համաներումը կտարածվի նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա, ասել է, որ գոհ են, որ իրենց ճնշումներն արդյունք են տալիս և կարևորն այն է, որ Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի։

ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում սկզբում չցանկացավ ոչ պաշտոնական հայտարարություն մեկնաբանել։ «Ինձ չի հետաքրքրում, թե այս ապօրինի իշխանություններն ինչ ձև կընտրեն քաղբանտարկյալներին և Տիգրան Առաքելյանին ազատելու համար»,- ասել է նա։

Լևոն Զուրաբյանն այնուհետև նշել է, որ եթե նույնիսկ այդպես է, ապա կարևորը Տիգրան Առաքելյանին ազատ արձակվելն է, որը կարվի միմիայն իրենց ճնշման արդյունքում։

«Բա, իհարկե, մեր ամբողջ պայքարը դրան է ուղղված և սա վերածվել է արդեն Սերժ Սարգսյանի և հասարակության միջև հակամարտության։ Վաղ թե ուշ նրանք ստիպված են ազատել Տիգրանին: Ուրեմն արդեն երրորդ համաներումը պետք է լինի, եթե այդպես են պատրաստվում, հիմա շատ գոհ ենք մեր ճնշման ներքո ոչ միայն քաղբանտարկյալներ են ազատվում, այլ նաև ստիպված են այլ մարդկանց էլ ազատել»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը: