«Ժառանգություն» կուսակցությունը սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում է որպես անազատ և անարդար:
«Ընտրությունների ընթացքում և դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ հետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով:
Մտնելով այս ընտրապայքարի մեջ` «ժառանգությունը» քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն, լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին:
Արդեն սեպտեմբերի 25-ին՝ ընտրություններից 4 օր առաջ, դրանք մթագնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության խոչընդոտմանն ուղղված գործողությամբ, որն իրականացվեց իշխանությունների լռելյայն թողտվությամբ: Իսկ ընտրությունների նախօրեին իշխանությունները կիրառեցին իրենց «փորձված» ապօրինությունը՝ համատարած ընտրակաշառք բաժանելով ընտրողներին թե՛ 5000-ական դրամների եւ թե՛ գյուղապետերի եւ ՀՀԿ այլ պաշտոնյաների կողմից բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական «հյուրասիրությունների» տեսքով: Պատկերն ամբողջացրեց վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ ընտրողներին ընտրատեղամաս բերելու եւ նրանց ուղղորդելու հայտնի փորձը», – ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ:
Կուսակցությունը նշում է, որ իր թեկնածուն՝ ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, ում մարտական և քաղաքացիական խիզախությունն ուսանելի օրինակ է շատ շատերի համար, որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը:
Հիշեցնենք, որ, համաձայն ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների, Հայրապետյանը ստացել է 3555 ձայն, իսկ նրա մրցակից ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը՝ 20 744 ձայն: