Այսօր ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է քննարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած երեք նախագծերը: Բագրատյանն առաջարկում էր քննարկման հանել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Նշենք, որ Հրանտ Բագրատյանը բազմիցս իր կարծիքն է հայտնել, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մասին հարցի կապակցությամբ: Նրա հաշվարկներով՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը հնարավոր է դարձնել 72500, մինչդեռ կառավարությունը մշտապես դեմ է արտահայտվել Բագրատյանի առաջարկին:
Հունիսին նստաշրջանում պատգամավորն ասել էր, որ դիտավորություն է տեսնում իր նախագծերը մերժելու մեջ: Այն ժամանակ ԱԺ-ն հրաժարվել էր քննարկել «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» օրենքի նախագծերը:
Բագրատյանը դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ դժգոհելով, որ թեև 2012 թվականի հոկտեմբերից ինքը 7-8 նախագիծ է ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը օրակարգ չի մտել:
Հովիկ Աբարհամյանն էլ ասել էր, որ նախագծերն օրակարգում կընդգրկեն այն ժամանակ, երբ ինքը նպատակահարմար կգտնի: