Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում հաջողվել է հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին։
Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրել է հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։
«Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- Նալբանդյանի խոսքերը փոխանցում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը։