Դատարանում վկան պնդել է, որ իրեն շանտաժի են ենթարկել քննիչները՝ ստիպելով ամբաստանյալների դեմ ցուցմունք տալ:
«Մեհրաբ» զորամասում 3 զինծառայողների կողմից լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով դատավարության ընթացքում շարունակում են ցուցմունք տալ վկաները: Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է երկու վկա՝ զորմասում դեպքի ժամանակ ծառայած, իսկ այժմ զորացրված շարքային Արմեն Նազարյանը և զորամասի հրամանատարի տեղակալ Մանվել Թևանյանը:
Նազարյանը, ինչպես նախորդ նիստին ցուցմունք տված վկաները, հայտնել է, որ իրեն ռազմական ոստիկանությունում ստիպել են ցուցմունք տալ ամբաստանյալների դեմ: Նազարյանի խոսքով՝ իրեն շանտաժի են ենթարկել՝ ասելով, որ եթե իրենց ուզած ցուցմունքը չգտա, ապա իր դեմ հարուցված մեկ այլ գործով կդատեն:
Վկան նշել է, որ իր ծառայության ժամանակ՝ մինչև միջադեպը, իրեն ծեծի են ենթարկել սպաները, այդ թվում՝ այս գործում որպես տուժող անցնող Մկրտչյանը:
Հարցաքննված մյուս վկան՝ Թևանյանը ասել է, որ Դավիթ Մկրտչյանն իրեն պատմել են, թե երկու զինվորներ ծեծել են իրեն: Նա նաև գովել է Մկրտչյանին՝ նշելով, որ վերջինս լավ սպա է: Թևանյանը նաև նշել է՝ տեղյակ չի եղել, թե Մկրտչյանը այլ գործով պայմանական ժամկետ է ստացել զինվորներին ծեծի ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա