ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում պնդել է, որ պայքարելու է կոռուպցիայի և կուսակցականացված դատախազների դեմ:
Արդարադատություն իրականացնելու համար չկան օբկեյտիվ խոչընդոտներ, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են: Արդարադատություն իրականցնելու համար ոչ փակ սահմանները, ոչ աշխարհաքաղաքական իրավիճակը չեն կարող խանգարել: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ զինդատախազի պաշտոնը զբաղզեցնող Կոստանյանի թեկնածությունը ԱԺ ներկայացրել է Սերժ Սարգսյանը:
Կոստանյանն անդրադարձել է վերջին 2,5 տարվա ընթացքում զինդատախազի պաշտոնում իր գործունեությանը: Որպես կարևոր ձեռքբերում նա նշել է ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերի նվազումը: Կոստանյանը մեջբերել է պաշտոնական տվյալները՝ 2010թ՝ 43 մահվան դեպք է գրանցվել, 2011-ին՝ 35, 2012՝ 29, 2013-ի առաջին կիսամյակում՝ 13 մահվան դեպք:
Ըստ Կոստանյանի՝ նվազման այդ միտումը վկայում է այն մասին, որ ձեռնարկվել են հանցագործության պատճառները չեզոքացնելու արդյունավետ միջոցներ:
Խոսելով ողջ իրավապահ համակարգի մասին՝ Գլխավոր դատախազի թեկնածուն ընդունել է խնդիրների առկայությունը:
«Դատախազը, ով համաձայն չէ, որ կոռուպցիան տեղ չի կարող ունենալ դատախազության համակարգում, շուտով ինքը տեղ չի ունենա դատախզությունում: Եթե ես ստանձնեմ դատախազի պաշտոնը, իմ կարևորագույն նպատակներից մեկը լինելու է ապահովել, որ օրենքի առջև հավասար լինեն բոլորը»,- ասել է Կոստանյանը:
Վերջինս պնդել է, որ ոչ մի դատախազ կուսակցական չպետք է լինի:
«Եթե ուզում են քաղաքականությամբ զբաղվել, թող համակարգից դուրս գան», – հայտարարել է նա: