Անցած քառօրյայի ընթացքում Արդարադատության խորհրդի անդամի ընտրություններն անցել են Սահմանադրության 83-րդ և 80-րդ հոդվածների խախտմամբ. խորհրդի անդամ է ընտրվել մարդ, ով իր թեկնածությունը դնելու իրավունք չուներ, իսկ հարցուպատասխանին ներկա չի եղել վարչապետը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Արդարադատության խորհրդի անդամ են ընտրվել երկու թեկնածուներ՝ Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը:
Փաշինյանը խնդիրը բարձրաձայնել է նոր գլխավոր դատախազի թեկանծուի հարցի համատեքստում: Նա հղում է արել դատախազության մասին օրենքին, ըստ որի գլխավոր դատախազը տարին առնվազն մեկ անգամ պետք է ԱԺ-ում հաշվետվությամբ հանդես գա: Փաշինյանի խոսքով՝ իր պատգամավորության ժամանակահատվածում (2012 թվականի մայիսից – խմբ.) նման հաշվետվություն չի եղել, և հարցրել է, թե վերջին անգամ Գլխավոր դատախազը (Աղվան Հովսեփյանը – խմբ.) երբ է ԱԺ-ին հաշվետվություն ներկայացրել:
«Պարոն Փաշինյան, դա ձեր տեսակետն է, թե օրենքը խախտվել է: Ես խնդրել եմ պետաիրավական հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնել: Իմ՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2008 թվականի սեպտեմբերի 29-ից – խմբ.) գլխավոր դատախազը հաշվետվություն չի ներկայացրել: Պատճառը ԱԺ կանոնակարգ օրենքի ոչ հստակ ձևակերպում է եղել», – պատասխանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Լուսանկարում՝ Աղվան Հովսեփյան