Home / Հայաստան / Նալբանդյանը՝ ՄԱԿ-ում. Ադրբեջանն ավելացրել է իր ագրեսիան վարձկանների միջոցով

Նալբանդյանը՝ ՄԱԿ-ում. Ադրբեջանն ավելացրել է իր ագրեսիան վարձկանների միջոցով

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում շփման գծում:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթ օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում։ 

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, իր ելույթի ներածական հատվածը սկսելով ֆրանսերենով, Հայաստանի արտգործնախարարն այնուհետև անգլերեն է շարունակել՝ մասնավորապես, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

«Չնայած այն փաստին, որ մեզանից շատերը հասկանում են, որ բռնության և ահաբեկչության  բացառումը խիստ կարևոր է խաղաղ, կայուն և զարգացող հասարակություն կառուցելու համար, այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում դա շարունակում է անհասանելի երևույթ մնալ», – հայտարարել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ բոլոր հակամարտությունները պետք է խաղաղ լուծում ունենան:

«Մենք համոզված ենք, որ չկա այլընտրանք հակամարտությունների խաղաղ լուծմանը, և դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և վճռականություն: Երեք ամիս առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում: Հայաստանում մենք ողջունեցինք հայտարարությունը, ասելով, որ ինչպես և եռանախագահները՝ մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին 5 տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը», – հայտարարել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հավասարությանը:

Էդվարդ Նալբանդյանը նաև իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարը և ավելացրել է իր ագրեսիան և ռազմական գործողությունները թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի նկատմամաբ՝ օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական խմբերի հետ կապակցված վարձկանների:

«Չնայած Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե միջազգային հանրությունը կիսում է իր տեսակետը, և որ ինքն էլ կիսում է միջազգային հանրության մոտեցումները, սակայն իրականում Ադրբեջանը շարունակաբար մերժում է միջնորդների բոլոր առաջարկները, ավելին՝ պարբերաբար սադրանքներ է  հրահրում շփման գծում», – ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային սկզբունքների և նորմերի համաձայն կարգավորման ուղղությամբ, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: