ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը միասնական քննչական մարմնի ստեղծման գաղափարը ընդհանրապես դրական է գնահատում: Նա, սակայն, նշում է, որ Սերժ Սարգսյանի կարգադրության բովանդակության ուսումնասիրությունից կարելի է, կարծես թե, եզրակացնել, որ այդ քննչական մարմնից դուրս են մնալու Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության քննչական ծառայությունը, ինչը, ըստ Ջհանգիրյանի, սխալ է:
Այս մասին պատգամավորը հայտարարել է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ այսօր գոյություն ունեն հինգ առանձին քննչական մարմին, իսկ Միասնական քննչական մարմնի ստեղծման արդյունքում կունենանք երեքը:
«Այսինքն՝ չենք ունենում մեկ միասնական քննչական մարմին: Սա համարում եմ, երևի, այս փուլում առկա, ինչը կարելի է եզրակացնել կարգադրության բովանդակությունից, բաց, թերություն, որը, կարծում եմ, լավ կլինի, եթե աշխատանքային քննարկումների ընթացքում շտկվի», – նշել է նա:
Միասնական քննչական մարմինը նպաստելու է նախաքննության ընդհանուր խնդիրների ավելի լիարժեք լուծմանը և տարատեսակ ուժային ու իրավապահ մարմիններում գոյություն ունեցող քննչական կառույցների ինքնուրույնության ապահովմանը, որպեսզի նրանք կախված չլինեն այս կամ այն օպերատիվ հետախուզական կամ ուժային կառույցներից: Այդ խնդիրը, ըստ Ջհանգիրյանի, լուծվում է:
Համաձայն պատգամավորի, դրական է նաև այն, որ միասնական քննչական մարմին ունենալու պարագայում դատախազական հսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ կարող է ավելի արդյունավետ իրականացվել:
«Բայց այդ միասնական քննչական մարմնի ստեղծումը հավելյալ խնդիրներ է հարուցելու: Օրինակ՝ այդ մարմնի ստեղծումից շատ կարճ ժամանակ հետո ծագելու է այդ կառույցում օպերատիվ-հետախուզական սեփական ապարատ ունենալու անհրաժեշտությունը», – ընդգծել է Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ միասնական քննչական մարմինը ղեկավարելու է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: