Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը կներկայանա դատարան

Սուրիկ Խաչատրյանը կներկայանա դատարան

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝  դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը: Ինչպես հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը, նիստը, սակայն, ավարտին չհասցվեց, քանի որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը Սուրիկ Խաչատրյանը: Դատական նիստին հնարավոր չէր պարզել  հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը: Ուստի, դատական նիստն ընդմիջվեց և հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը՝ այդ նիստին հայցվոր անձամբ պետք է ներկայանա և ներկայացնի իր ճշմարիտ անձնագրային տվյալները:

Հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին  հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է  իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով: