Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը քննադատել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրականացրած գործունեությունը:
Մասնավորապես, Մանուկյանը հիշեցրել է, որ Կոստանյանը միջազգային դատարանում հայտարարել է, որ «Ա1+» հեռուստատեսությունը փակվել է օրենքի սահմաններում:
«Կոստանյանը նաև ՄԻԵԴ-ում ասել է, որ Կենտրոնի թալանված բնակիչների դեպորտացիան իրենց տներից տեղի է ունեցել օրենքի շրջանակներում, 2003-2004թթ. քաղաքական ցույցերի մասնակիցների ձերբակալելը, կալանքի ենթարկելը՝ միայն իրենց կարծիքի արտահայտման համար, տեղի է ունեցել օրինականության բոլոր երաշխիքների պահպանմամբ: Միշա Հարությունյանի գործով դուք պաշտպանել եք այն տեսակետը, որ Հարությունյանը խոշտանգվել է, սակայն խոշտանգվել է «ճշմարտությունը բացահայտելու նպատակով»: Գրիշա Վիրաբյանի գործով վճռի համաձայն, Վիրաբյանը ոստիկանների կողմից դաժանորեն խոշտանգվել է, որի արդյուքնում կորցրել է ամորձին: Դուք պաշտպանել եք այն զավեշտալի դիրքորոշումը, թե Վիրաբյանը խոշտանգվել է ոչ թե ոստիկանների կողմից, այլ ոստիկանների նկատմամբ ցուցաբերած դիմադրության արդյունքում անզգուշորեն ընկել էր աթոռից և վնասել ամորձիները», – հիշեցրել է Արամ Մանուկյանը:
Պատգամվորն ասել է նաև, որ Կոստանյանը ՄԻԵԴ-ի իր ելույթներում կեղծել է փաստերը ՝ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ` ասելով, որ իրավապահ մարմինների գործողությունները եղել են օրենքի սահմաններում:
Նշենք, որ, ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորների, Կոստանյանին գովել են և նրա հնարավոր նշանակումը Գլխավոր դատախազի պաշտոնում դրական քայլ են համարել մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ: