Home / Հայաստան / Հայաստանը չէր կարող չմիանալ Մաքսային միությանը. Սերժ Սարգսյան

Հայաստանը չէր կարող չմիանալ Մաքսային միությանը. Սերժ Սարգսյան

Որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր ԵԽԽվ-ում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Շվեդիայի ԵԽԽՎ պատվիրակության անդամ Մարիետտա դե Պուրբե-Լունդինի հարցին:

Վերջինս նշել է, որ Հայաստանը պետք է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրեր Եվրամիության հետ, բայց վերջին պահին մտափոխվեց և որոշեց միանալ Մաքսային միությանը:

«Ռուսաստանը ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի վրա: Հայաստանի դեպքում, հասկանում եմ, որ այդ ճնշումը կարող էր խնդիր լիներ երկրի անվտանգության համար: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանից ստացել է «առաջարկ, որը չէր կարող մերժել»», – ասել է շվեդ պատգամավորը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը իր ուղուց չի շեղվել, և Մաքսային միությունը Ռուսաստանի Մաքսային միությունը չէ, այն մի քանի երկրների միություն է:

«Մենք բանակցությունների հենց սկզբից Եվրոպական հանձնաժողովից մեր գործընկերներին մշտապես ասել ենք, որ մեր  քաղաքականությունը կայանում է շահերի համադրման և ոչ թե հակասության մեջ: Մեր գործընկերները մեզ հետ համաձայնել են՝ ասելով, որ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ որևէ այլ երկրի, կառույցի դեմ և որ Արևելյան գործընկերությունը մշտապես կարող է փոխլրացնել այլ կառույցների կողմից տարվող աշխատանքը: Եվ հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Բայց, ցավոք սրտի, մեր հայտարարությունից հետո, Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասության կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև: Կանոնների տարբերություն կա: Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում, խնդրեմ, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք պատրաստ ենք, ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական ենք մեր երկրում այլ բարեփոխումներ իրականացնել:

Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես ձեզ անկեղծորեն ասում եմ՝ ես չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտությունը ասել: Մենք ենք այդ ցանկությունը [Մաքսային միությանը միանալը] հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից: Մենք 20 տարուց ավելին է, որ գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, ովքեր այսօր ձևավորել են Մաքսային միությունը, և մենք չենք կարող մեկուսանալ աշխարհատնտեսական այն տարածքից, որի հետ 20 տարուց ավել համագործակցում ենք: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը Եվրամիության հետ: Մեր ցանկությունը դա է», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: