Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներից շատերը մինչև 100 տոկոսով կորցրել էին բերքը մայիսյան կարկուտների ժամանակ: Այժմ նրանցից հողահարկ և ջրի գումար են ուզում, թեև կառավարության որոշմամբ նրանք պետք է ազատված լինեին դրանցից:
Մայիսյան կարկուտներից տուժած Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչները դժգոհ են. բավական չէ՝ գյուղը զրկված է ոռոգման ջրից, հիմա էլ գյուղապետարանի «հարկահավաքները» պահանջում են վճարել հողի հարկերը, մինչդեռ կառավարության որոշմամբ կարկուտից 100 տոկոս բերքը կորցրած գյուղացիները պետք է ազատված լինեին հողի ու ջրի հարկից: Գյուղացիների դժգոհությունների մասին Epress.am-ի թղթակցին պատմել է մրգաշատցի Երեմ Առաքելյանը:
«Որպես կարկուտից 100 տոկոսանոց տուժած, ուզում եմ իմանալ՝ ինչի՞ են ինձանից հողի հարկ ուզում: Անցած տարի իմ հողը, որը ցորենի դաշտ էր, թողել էի անմշակ, որպեսզի հանգստանա ու պարապ ժամանակ վրան կարկուտ է տեղացել: Հիմա եկել են ու ասում են, թե պիտի դրա հարկը տամ», – պատմել է Առաքելյանը:
Նա նշել է, թե հարկ հավաքողները վերջնականապես իրենք էլ չգիտեն, գանձե՞ն հարկերը, թե ոչ: Նրանք Առաքելյանին խորհուրդ են տվել զանգահարել կառավարության թեժ գիծ՝ պարզելու՝ ինչպես վարվել:
«Ասում են, թե իրենց իմանալով պիտի տամ էդ փողը, բայց ինչի՞ տամ: Մի տարի անմշակ հող ա, մի տարի թողել էի հանգստանար, որովհետև ցորեն չէր տալիս, քանակ չէր ապավոհում: Դրա պատճառն էլ էն ա, որ հունիսի վերջին ջուրը, որ ցորենի հատիկը խոշոր լինելու համար պետք ա ջրեի, չտվեցին: Ես հանեցի փող տվեցի ու ասացի՝ ջուր տվեք, ջրեմ, ասացին՝ «փողդ քեզ պահի»: Հիմա էլ ցանել եմ, սաղ նասոսները կանգնած են: Պատկերացրեք՝ սաղ գյուղին ասում են՝ «մինչև փողը չտաք, ջուր չենք տա», – ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ գյուղացիների մեծ մասը աշնանացան ցորեն է ցանել ու հայտնվել անելանելի վիճակում:
«Հեկտարի կտրվածքով հողը վարելուց մինչև ցանքի շրջանը 130 հազար է կազմում, դրան գումարած 13 հազար դրամ ջրի գումարը՝ ամեն անգամվա համար: Պատկերացրեք՝ առաջին ջուրը սերմը ծլեցնելու ջուրն ա ու չեն տալիս: Կատաստրոֆիկ վիճակ ա՝ ցանքի շրջանում նասոսն էլ չի աշխատում»,- պատմել է Առաքելյանը և ավելացրել, թե ինքը պատրաստվում է զանգահարել կառավարության թեժ գիծ ու պարզել՝ ինչ «ֆոկուսներ են անում ու վերջապես մեզանից ինչ են ուզում»: