Արարատի մարզի Գոռավան գյուղի երեսնամյա բնակչուհի, նախկինում դատված Մարինե Ավետիսյանը մեղադրվում է սեփական անչափահաս երեխաներին խոշտանգելու մեջ, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2012թ. աշնանից մինչև 2013թ. մարտ ամսվա վերջը մայրը անչափահաս Ինգա Մախսուդյանին հագուստ գործելու շյուղով պարանոցը ծակելու, իսկ Հրաչ Մախսուդյանին՝ տարբեր օրերին տաք հացով ձեռքերը այրելու, վառարանի շշով պարանոցը այրելու, սալիկով գլխին հարվածելու, ձեռքերով պարանոցից ուժեղ սեղմելու և շնչահեղձ անելու եղանակով վերջիններիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան տառապանք է պատճառել:
Մարինե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ երկու անչափահասների նկատմամբ խոշտանգումը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը հոկտեմբերի 2-ին ընդունվել է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի վարույթ: