Արարատի մարզի 17-ամյա հղի բնակչուհին փախել է տնից և ամիսներ անց հայտնաբերվել Մալաթիայի տոնավաճառում մի ծեր տղամարդու տանը, ով մարզերից եկած և անօթևան մնացածներին, ինչպես նաև թեթև վարքի տեր աղջիկներին վճարի դիմաց տուն է հատկացնում: Այս մասին News.am-իին պատմել է «Լայթ Հաուս» հայ-ամերիկյան հիմնադրամի տնօրեն Նաիրա Մուրադյանը:
Նրա խոսքով՝ աղջկա հայրը հարբեցող է եղել, ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրել: Մայրը նրան 14 տարեկանում ամուսնացրել է տարիքով մեծ տղամարդու հետ, սակայն աղջիկը նրանից էլ է փախել: «Մայրը ասում էր, որ նրան հազիվ մինչև 14 տարեկան է պահել»,- պատմել է Նաիրա Մուրադյանը, ով աղջկա անհետանալու մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել:
«Տղան անգամ նրան անընդհատ փակի տակ է պահել, բայց եկել տեսել է, որ էլի փախել է: Ամիսներ անց նրան գտել են Մալաթիա տոնավաճառի մոտ գտնվող մի տանը, որտեղ մի տարեց տղամարդ իր մոտ է պահում աղջիկներին, ովքեր անտուն և թեթև վարքի տեր են: Այդպես էլ կարող եք վերնագրել՝ «փախչող աղջիկը», որովհետև մեզ մոտ էլ այնպես ձայն դրեց, որ մայրը գար տաներ: Նա էությամբ փախչող աղջիկ է, թե դպրոցից է փախչել, թե հորից, թե մորից, թե ամուսնուց: Իսկ երբ բերեցին մեր կենտրոն, որ մասնագետները նրա հետ աշխատեին, որոշեց նաև, որ մեզանից էլ պետք է գնա»,- պատմել է հիմնադրամի տնօրենը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ աղջիկը ծնողների հետ է մնում և խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի: