Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտ 200 բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի Մշակույթի պալատի մոտ՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ –ից պահանջելով կասեցնել Վարդենիսում ջրաչափեր տեղադրելու գործընթացը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վարդենիսի բնակիչ Միտիկ Զիրոյանը:
Նրա խոսքով՝ բնակիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ «Հայջրմուղկոյուղին» իրենց քաղաքում առանց որևէ ներդրում կատարելու որոշել է ժողովրդից գումար գանձել:
«Մայիսի 15-ին ջրմուղը նախնական նամակ է ուղարկում, որ մինչև հունիսի 15-ը պարտադիր կերպով բոլորը պետք է ջրաչափ տեղադրեն, հակառակ դեպքում գանձումը կկատարվի դրվածքային կարողությամբ՝ խողովակի չափով: Ամբողջ համակարգը խորհրդային տարիներից է մնացել, տրուբաներից սկսած ամեն ինչ սովետն է արել, սրանք ելել են ու թալան են կազմակերպում: Վարդենիսը ջրի երկիր է, Աստծու տված ջուրն էլ են ուզում կտրեն: Բանդեր թաղամասը տարիներով ջրի մեջ է, մարդկանց տները քանդվում են ջրի պատճառով, եկեք, տեսեք՝ ինչ է կատարվում, փոխանակ էդ մասին մտածեն, եկել մեր սարերի ջուրն են մեր վրա ծախում», -պատմել է Զիրոյանը:
Նա նշել է, թե բնակչությունը վերջին 4 տարիներին «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանավորվածություն ուներ, համաձայն որի յուրաքանչյուր ընտանիք պարտավորված է եղել ամսական 1200 դրամ վճարել ջրի դիմաց, սակայն ժողովրդի կեսը հրաժարվել է կատարել պայմանը:
«Հիմա էլ եկել են, ջրաչափերը տեղադրել են, ով էլ որ չի թողել տեղադրեն, հունիսից մինչև հիմա տուգանքներ են եկել: Մենք էլ առաջարկել ենք, որ նախկին 1200-ի փոխարեն ամսական յուրաքանչյուր ընտանիք կվճարի 1500 դրամ, իսկ ով կհրաժարվի մուծումը կատարել՝ տուգանեն ու գանձեն օրենքով: Իսկ եթե կա մի ընտանիք, որը կուզենա ջրաչափ տեղադրել, թող տեղադրի ու վճարի հաշվիչի թվով», – Epress.am-ին պատմել է բնակիչներից մեկը՝ Ֆրունզե Հովհաննիսյանը:
Վերջինս շեշտել է, թե ակցիայի մասնակիցների հետ հանդիպել և զրուցել է քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը և խոստացել, որ նրանց առաջարկը կքննարկի «Հայջրմուղկոյուղու» տեղի գրասենյակի ղեկավարության հետ ու բանակցությունների մասին կտեղեկացնի բնակչությանը: