Դատական դեպարտամենտի քրեական գործը ճյուղավորվում է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Քանի որ դատական դեպարտամենտում ստուգումներ են անցկացվում՝ սկսած 2009 թվականի փաստաթղթերից, քննիչները նոր խախտումներ են հայտնաբերում, որոնք թեև չեն առնչվում դատական կարգադրիչների բուն գործին, բայց վկայում են դատական համակարգն սպասարկող այս ծառայությունում տիրող խայտառակ վիճակի մասին։
Երեկ ձերբակալվել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ մի կին, ով 1-2 տարի առաջ ազատվել է աշխատանքից։
«Հրապարակ»-ը գրում է, որ, նախնական տեղեկություններով, խոսքն անօրինական պարգևատրումների և ֆինանսական այլ խախտումների մասին է։
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի գործով մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ: Դեպարտամենտի իրավասության ներքո գտնվող տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների ստորաբաժանման պետերը կարգադրիչների են ընդունել աշխատանքի, ովքեր միայն գրանցված են եղել, սակայն աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց միայն աշխատանքային ստաժն է գրանցվել, իսկ աշխատավարձերն ստացել են ուրիշները:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում