Թուրքիայի կառավարության կողմից այս շաբաթ ներկայացրած ժողովրդավարացման փաթեթը զգալի հիասթափություն է առաջացրել երկրի կրոնական փոքրամասնությունների շրջանում:
Ըստ Christiantoday.com կայքի՝ չնայած, որ հանրության ուշադրության կենտրոնում են քրդական հարցի կարգավորման գործընթացը, ընտրական բարեփոխումներն ու հասարակական հիմնարկներում գլխաշոր կրելու արգելքի վերացումը, կատարվել են նաև Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների վրա ազդող որոշ դրական, բայց ավելի հաճախ խորհրդանշական քայլեր:
Կրոնական փոքրամասնություններն ավելի շոշափելի փոփոխություններ էին ակնկալում, որոնք կբարելավեին իրենց կարգավիճակը: Մասնավորապես, նրանք հույս ունեին, որ կվերաբացվեր Հունական Ուղղափառ եկեղեցու Հալկի ճեմարանը, իսկ ալևիները կճանաչվեին որպես կրոնական համայնք:
«Կան դրական կողմեր, բայց նաև բացակայում են շատ կարևոր քայլեր»,- ասել է Լաքի Վինգասը՝ վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի կողմից ծրագիրը ներկայացնելուց հետո: Վինգասը, ով հունական ուղղափառ համայնքի անդամ է, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինության խորհրդում ներկայացնում է ոչ մահմեդական հիմնդրամները:
«Փաթեթը, որպես այդպիսի, դրական է, բայց այնտեղ ոչինչ չի ասվում ալևիների մասին»,- իր հերթին նշում է «Ռադիկալ» թերթի սյունյակագիր Էդվարդ Դանզիյանը:
Ալևիների համայնքը, որը կազմում է Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, սունի մահմեդականների մեծամասնության կողմից չի ճանաչվում որպես հստակ կրոնական համայնք: Արդյունքում՝ ալևիների պաշտամունքային վայրերը չեն ազատվում պետական եկամտահարկերից, ինչպես բոլոր մզկիթները: Ալևիների կրոնական առաջնորդները մահմեդական իմամների օրինակով պետության կողմից աշխատավարձ չեն ստանում, իսկ ալևիների հիմնական կրոնական համոզմունքները չեն ներառվում հանրային դպրոցների կրոնական դասընթացներում:
Դանզիյանը նաև նշել է, որ Հալկի աստվածաբանական դպրոցի վերաբացման ձախողումը հիասթափություն է առաջացրել ոչ միայն հունական համայնքում, այլ նաև՝ մնացած բոլոր փոքրամասնությունների շրջանակներում:
Հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Անկարան չի ցանկանում քրիստոնյաներին թույլ տալ կրթել իրենց հոգևորականներին, Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, դիմելով հույներին, ասել է.
«Աթենքում դեռևս մզկիթներ չկան, անգամ մահմեդական գերեզմաններ չկան: Ժամանակն է, որ ձեր խոստումը կատարեք», – հակադարձել է թուրք նախարարը:
Ինչպես հույներին, այնպես էլ Թուրքիայի բոլոր հայկական, ասորական, կաթոլիկ ու բողոքական համայնքներին թույլ չի տրվում ճեմարաններ կամ աստվածաբանական դպրոցներ բացել, որտեղ նրանք կարող են կրթել իրենց հոգևորականներին:
Երկրի փոքր ասորական համայնքը, անուամենայնիվ, ողջունել է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պետության կողմից առգրավված՝ Մոր Գաբրիել վանքին պատկանող հողերը կվերադարձվեն ասորական եկեղեցուն:
Ասորական «Սաբրո» թերթի սեփականատեր ու գլխավոր խմբագիր Թումա Չելիքը, սակայն, չի համաձայնել կառավարության ներկայացուցիչների այն հայտարարության հետ, թե 1700-ամյա վանքի հողերը երբևէ պատկանել են Թուրքիայի կառավարությանը:
«Մոր Գաբրիելը «վերադարձնելու» մասին խոսելը, ասես այն երբևէ պետության սեփականություն է եղել, սխալ է: Իրականում, այս հողերը պատկանել են ասորական հիմնդրամին»,- Today's Zaman-ի հետ զրույցում ասել է Չելիքը:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ կառավարության ներկայացված փաթեթում դրական քայլ է այն, որ կխստացվի հավատքի ու ազգության դեմ կատարվող հանցագործությունների դեպքում հասանելիք պատիժը: Նրանք, ովքեր մարդկանց կխանգարեն օգտվել իրենց իրավունքներից ու կատարել իրենց կրոնական պարտականությունները, ինչպես նաև նրանք, ովքեր կմիջամտեն մարդկանց ապրելակերպին՝ սպառնալով կամ ուժ կիրառելով՝ հիմնված նրանց համոզմունքերի վրա, կպատժվեն մինչև երեք տարվա ազատազրկմամբ:
Սակայն, ըստ քաղաքացիական հասարակության որոշ փորձագետների, մտավախություն կա, որ նոր կետը կարող է օգտագործվել այն անձանց ազատությունը սահմանափակելու համար, ովքեր դեմ են արտահայտվում իսլամին:
«Ամենամեծ սխալը, որ կարելի է թույլ տալ, այս կանոնակարգերը կոնկրետ իսլամոֆոբիայի դեմ աշխատեցնելն է,- ասել է Գալաթասարայի համալսարանի դասախոս Յասեմին Ինչեօղլուն. – Թուրքիայում ավելի շատ են ոչ թե իսլամոֆոբ հանցագործություններ, այլ հանցագործությունների ոչ մահմեդականների դեմ»:
2013 թվականի ընթացքում Թուրքիայի երեք քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել ու ազատազրկման են դատապարտվել մահմեդականության դեմ անհարգալից արտահայտությունների համար, այդ թվում՝ աշխարհահռչակ դաշնակահար Ֆազիլ Սայը, թուրքահայ գրող, լրագրող, լեզվաբան Սևան Նշանյանը, կանանց իրավունքների համար պայքարող իրավաբան Չանան Արինը:
Առաջին երկու գործերը գտնվում են բողոքարկման փուլում, իսկ երրորդ գործը հետագայում կարճվել է: