Կամ գազի գնի բարձրացման մասին պայմանագրում «վատ բաներ են գրված», որոնք իշխանությունները համառորեն թաքցնում են, կամ իրոք, ինչպես ասաց վարչապետը, նման պայմանագիր չկա և մեր ժողովրդին թալանում են:
Այս մասին այսօր ԱԺ-ում, անդրադառնալով գազի գնի փոփոխության պայմանագիրն իրեն չտրամադրելու Կառավարության որոշմանը, հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Չորեքշաբթի օրը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արամ Մանուկյանը չորրորդ անգամ է պահանջել պայմանագիրը: Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ նման պայմանագիր դեռ չկա:
Պատգամավորի խոսքով՝ վարչապետը նիստից հետո 10 րոպե փորձել է բացատրել՝ ինչպես է գինը բարձրացել առանց պայամանգրի, ինչը, ըստ Մանուկյանի, տարօրինակ է թվացել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Պատգամավորը հիշեցրել է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այլ բան էր ասել, մասնավորապես, նշելով, որ պայամանգիրը կնքվել է մարտի 1-ին:
ԱԺ-ում կայացած զրույցից մեկ օր անց Տիգրան Սարգսյանը զանգահարել է Արամ Մանուկյանին: Վերջինիս խոսքով՝ այս անգամ վարչապետը նշել է, որ պայմանագիր կա երկու սուբյեկտի միջև՝ ռուսասաստանյան կողմի և «Հայռուսգազարդ»-ի:
Մանուկյանն այսօր հիշեցրել է, որ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, ուստի Կառավարութունը չի կարող տեղեկատվություն չունենալ:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակից Գարեգին Բաղրամյանը Epress.am-ի հետ զրույցում նույնպես ասել է, որ առանց պայմանագրի գազի գինը չէր կարող փոխվել:
Նրա խոսքով՝ պայմանագիր կա, այն կոնֆիդենցիալ է և այդ պատճառով չի կարող տրամադրվել պատգամավորների հարցման դեպքում: Սակայն դրա հավելվածը, որում գնային փոփոխությունների մասին տեղեկատվությունը կա, տարածվել է ԶԼՄ-ներով:
ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը Epress.am-ի հետ զրույցում, նույն հարցը մեկնաբանելով, ասել է, որ պայմանագիրը չի կարող հրապարակվել, քանի որ գտնվում է «աշխատանքային պրոցեսում»:
«Պարոն Մանուկյանին թվում է, որ եթե պայմանագիր չի կնքվում, Ռուսաստանը գազը պտի կտրեր: Մենք դեռևս խնդիրներ ունենք էդ պայմանագրի հետ կապված, դրա համար էլ բանակցությունները շարունակվում են: Փորձ ենք կատարում մեղմացնել իրավիճակը: Գնայինք այլ ճանապարհով, գազը կկտրեին, նոր մտածեինք պայմանագրերի մասին: Եթե պայմանագիրը լինի, Կառավարության կայքում կդրվի: Աշխատանքային գործընթացներին պարտավոր չեն տեղյակ պահել»,-ասել է Գալուստ Սահակյանը: