Լեռնային Ղարաբաղը կարող է որոշակի զիջումների հույս ունենալ՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ կապված: Միևնույն ժամանակ, Երևանի այդ քայլը ոչ մի կերպ չի ազդի ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված ստատուս քվոյի վրա: Regnum-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:
Այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղը ամեն դեպքում հայտնվում է Մաքսային միության սահմանների ներսում ու կօգտվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բոլոր բարիքներից, Ցիգանոկը պատասխանել է. «Իրականում, Ղարաբաղը հնարավորություն կունենա օգտվել որոշ արտոնություններից որպես տարածք, որը գտնվում է Մաքսային միության փաստացի սահմաններում: Բնականաբար, Մաքսային միության հետ Հայաստանի ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ խնդիր է, բայց Լեռնային Ղարաբաղը կարող է որոշակի զեղչերի ու զիջումների հույս ունենալ: Պետք չէ մառանալ, սակայն, որ այդ ամենը ոչ պաշտոնական է լինելու»,- նշել է փորձագետը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, Ցիգանոկը վստահ է, որ նոր զարգացումներ մոտ ապագայում տեղի չեն ունենա: Փորձագետն իր տեսակետն ապացուցեղ երեք պատճառ է ներկայացրել. «Առաջին հերթին, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրված ջենթլմենական համաձայնությունը, ամեն դեպքում, շարունակում է գործել: Երկրորդը՝ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը, հետևաբար, անկայունությունը նրանց շահերից չի բխում: Երրորդը՝ Հայաստանի զինված ուժերի հիմքում ընկած են Ռուսաստանի կողմից մշակված ռազմավարական մեխանիզմները, ռուսաստանյան կողմը իր ամբողջ փորձն ու գիտելիքը փոխանցում է հայերին: Ադրբեջանը, սակայն, պատրաստվում է համաձայն ՆԱՏՕ-ի մեխանիզմների: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե առավելությունը որ կողմն է: Հայաստանցի զինծառայողները, այնուամնեյանիվ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության լրացուցիչ փորձ ունեն, ինչը նույնպես լուրջ գործոն է»,- հայտարարել է Ցիգանոկը:
Փորձագետը հավելել է, որ Հայաստանի բանակը Ադրբեջանի զինված ուժերին գերազանցում է նաև մարտավարական հմտությունների ու բարոյահոգեբանական պատրաստվածության հարցում: «Կարճ ասած՝ պատերազմ չի լինի»,- եզրափակել է Անատոլի Ցիգանոկը: