Վերաքննիչ դատարանում շարունակվում է Գևորգ Գևորգյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: 33-ամյա Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել` շորթման և տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու` ծեծելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով, գրում է «Ժամանակ» թերթը` նշելով, որ գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Տուժողը Գևորգի հարևանուհին է, ով զբաղվում է մարմնավաճառությամբ: Վերջինս բողոքել է, որ Գևորգը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, պարբերաբար իրեն սպառնացել է, թե խնդիրներ կառաջացնի, եթե նրան կանխիկ գումար չտա: Ինքն էլ, վախենալով, տվել է գումար, լիցքավորման քարտ, ոսկե մատանի: 2013թ. հունվարի 13-ին Գևորգը մտել է բնակարան, ծեծել է Հերմինեին և այդ պահին նրա տանը գտնվող ընկերուհուն և հայհոյել:
Դատարանում Գևորգը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով` մասնակիորեն:
Ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, եզրակացրել է, որ Գևորգ Գևորգյանի արաքում բացակայում են շորթման մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, և այդ մասով նրան արդարացրել է:
Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 100 հազար դրամի չափով:
Դատավճռի դեմ բողոքներ են բերել մեղադրողը և տուժողը: Մեղադրողը պահանջել է Գևորգին մեղավոր ճանաչել շորթման մասով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Իսկ տուժողը` Հերմինեն, պահանջում է նաև, որ Գևորգից հօգուտ իրեն բռնագանձվեն իրենից շորթված բոլոր գումարները :
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում