Home / Հայաստան / Աշոտյանն ասել է՝ ինչու է կարևոր Երևանում Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ ունենալը

Աշոտյանն ասել է՝ ինչու է կարևոր Երևանում Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ ունենալը

Հայաստանը շահագրգռված է Հայաստանում Մոսկվայի պետհամալսարանի  մասնաճյուղի հիմնմամբ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդունելով Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ԿԳՆ պաշտոնական կայքը:

Աշոտյանը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրների նախագահները:

«Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում»,- նշել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը:

Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն:

Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևը հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա և կմոտեցնեն երկու ժողովուրդներին:

«Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբացեղնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է՝ այդ անգին կապիտալը երկրում պահելու համար»,-նշել է Նիդոևը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհի լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր: