Գործող նախագահ Իլհամ Ալիևի՝ իր հանգուցյալ հորից իշխանության ղեկը 10 տարի առաջ ժառանգելուց ի վեր՝ Ադրբեջանն ավելի է թաղվել անկառավարելի կոռուպցիայի մեջ, իսկ իշխող ռեժիմն էլ ավելի միապետական ու անխիղճ է դարձել: Հոկտեմբերի 8-ին բրիտանական «Գարդիանում» հրապարակած իր հոդվածում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին:
Որպես կարևո փաստ նա նշել է, որ 10 տարիների ընթացքում Հայաստանի հետ շարունակական հակամարտությունը չի կարգավորվել, իսկ «Ադրբեջանի հողերը դեռ գտնվում են օկուպացիայի տակ»:
Հասանլիի խոսքով՝ ընտրվելու դեպքում ինքը մտադիր է նախագահի պաշտոնում գտնվել միայն երկու տարի ու վերահսկել երկրի՝ ժողովրդավարության անցումն ու օրենքի գերակայության հաստատումը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության՝ օլիգարխիկ վերահսկողության վերացումը, քաղբանտարկյալներին ազատումը, նախագահի լիազորությունների սահմանափակումը, խորհրդարանի ամրապնդումը, երկրի ժողովրդավարացումն ու Հայաստանի հետ խաղաղարար գործընթացների սկիզբը մեր օրակարգի ամենահրատապ միջոցառումներից են: Մեզ համար առաջնային է սոցիալական արդարության վերականգնումն ու հնարավորությունների հավասարության ապահովումը բոլոր մարդկանց համար»,- գրել է Հասանլին:
Ընդդիմադիր թեկնածուն վստահ է, որ հոկտեմբերի 9-ի ընտրություններում Ադրբեջանի ժողովրդավարները կանգնած են ահռելի մարտահրավերի առջև:
«Բայց դա մարտահրավեր է, որը մենք պետք է հաղթահարենք, քանի որ մինչ էլիտան բարգավաճում էր, ժողովրդի մեծամասնությունը նավթային եկամուտներից հիմնականում ոչ մի շահ չի ունեցել: Ղարաբաղի վիճելի հողերի խնդիրը դեռևս լուծում չի ստացել, ու հարյուր հազարավոր ադրբեջանցիներ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Առողջապահական ու կրթական չափանիշներն անկում են ապրել: Համատարած կոռուպցիան ու քաղաքական հովանավորչությունը ճնշում են տնտեսությունը, որը լիովին կախված է նավթի ու գազի արտահանումից:
Իմ քարոզարշավի ընթացքում ես Ադրբեջանում փոփոխության աճող քաղցի ականատես եմ դարձել: Ընտրողները՝ երիտասարդ ու ծեր, ավելի լավ, ավելի ազատ ապագայի հույս են արտահայտել: Ես համոզված եմ՝ միացյալ ժողովրդավարական շարժման կողմից սատարվող իմ թեկնածությունը օլիգարխիկ ինքնակալությունից առաջադեմ ժողովրդավարություն խաղաղ անցման լավագույն հարավարությունն է ներկայացնում»,- եզրափակել է Հասանլին: