Home / Հայաստան / Վճռաբեկ դատարանի նախագահը արձակուրդից չի վերադառնա. աղբյուր

Վճռաբեկ դատարանի նախագահը արձակուրդից չի վերադառնա. աղբյուր

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ կարճատև արձակուրդ է վերցրել, որից, ըստ ամենայնի, այլևս չի վերադառնա։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված է։

«Ավելին, մեր տեղեկություններով՝ այդ գործերով քննությունն ինտենսիվ կերպով շարունակվում է, և դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առայժմ չեն կալանավորում, քանզի թելերը կարծես թե տանում են դեպի Մկրտումյան։ Ամեն դեպքում, արդեն իսկ ակտիվացել են ՎԴ նախագահի պաշտոնի հավակնորդները։

Երեկվա դրությամբ Դավիթ Հարությունյանն այլևս ֆավորիտների մեջ չէր, փոխարենը մեծացել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի շանսերը, որի համար ակտիվորեն լոբբինգ է անում նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Մուկուչյանը համարվում է վերջինիս մերձավորը, և նրա նշանակման դեպքում ՎԴ համակարգը կհայտնվի Կոստանյանի ազդեցության տակ։ Քննարկվում է նաև ՎԴ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի թեկնածությունը, ով ներկայումս Վրաստանում Հայաստանի դեսպանն է», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում