Հայաստանի պարագայում նույն իրավիճակն է, ինչ Ուկրաինայի դեպքում, միայն մի տարբերությամբ, որ Հայաստանի նախագահը ժամանակին սթափվեց ու սեփական կառավարությանը կարգի հրավիրեց: «Էխո Մոսկվի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ համաձայնագիր նախաստորագրել, որը պարունակում էր այնպիսի «գոհարներ», ինչպես, օրինակ՝ Հայաստանը պարտավորվում է իրականացնել ԵՄ-ի հրահանգները ակվամշակույթի ու ծովերում ձկնորսության ոլորտում: Հասկանո՞ւմ եք: Հայաստանը ոչ ծով ունի, ոչ էլ ելք դեպի ծով, իսկ համաձայնագրում դա կար: Նույն կերպ այնտեղ նշված էր նաև ԵՄ-ի հետ սահմանային համագործակցությունը: Այսինքն, նրանց ստանդարտ տեքստ էին պարտադրում:
Նրանք պարտադրում են տեքստ, որը տասնամյակներ շարունակ մշակել են նրանց արևելյան գործընկերները: Տեղի է ունեցել Հայաստանի պաշտոնյաների ուղեղի, այսպես ասած, խցանում, ներքաշել են կոնվեյերի մեջ, որից դուրս բերելիս ստանում են պատրաստի ապրանք»,- ասել է Գլազևը:
Լրագրող – Այսինքն, Հայաստանին արդեն կոնվեյերի մե՞ջ են մտցրել:
– Գրեթե, բայց կրկին, մեր փորձագետների օգնությամբ, մենք վերլուծեցինք, ավելի կոնկրետ, մեր հայաստանցի գործընկերներին օգնեցինք վերլուծել այդ համաձայնագրի տեքստը:
Լրագրող – Փաստորեն բացել եք նրանց աչքե՞րը:
– Հասկանո՞ւմ եք, թե որն է ուկրաինական կողմի խորամանկությունը: Նրանք ցանկանում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել, միևնույն ժամանակ՝ միասնական տնտեսական տարածության մասին համաձայնագիր ստորագրելով Ռուսաստանի հետ: Բայց դա անհնար է: Նիկոլայ Ազարովն անընդհատ այդ մասին է խոսում, իսկ մենք արդեն հոգնել ենք նրան բացատրել, որ դա անհնար է: Իրավաբանորեն ակնհայտ է, որ այդ երկուսն անհամատեղելի են:
Եվ ահա, Հայաստանի կառավարությունն էլ էր այդ հարցում խճճվել, նրանք նույնպես կարծում էին, որ կարելի է համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ ու միաժամանակ անդամակցել ՀԱՊԿ-ին: Այդ համաձայնագրում կա նաև քաղաքական կողմ, որտեղ գրված է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքող կողմը պարտավորվում է հետևել եվրոպական քաղաքականությանն ու ԵՄ-ի ղեկավարության ներքո մասնակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը:
Ու այդ ժամանակ, Հայաստանի նախագահը որպես երկրի անվտանգության համար պատասխանատու մարդ, հարց է տալիս՝ իսկ ինչպե՞ս են իրենք ԵՄ-ի ղեկավարության ներքո կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի հետ: Հետաքրքիր հարց է: Երբ սկսում են այսքան պարզ հարցեր տալ, ակնհայտ է դառնում, որ Ասոցացման համաձայնագրի ծրագիրը Հայաստանին զրկում է ինքնավարությունից, անկախությունից, ու երկիրը դարձնում է ԵՄ-ի գաղութ: Իսկ ԵՄ-ի գաղութ լինելն ու Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումն անհնար է:
Լրագրող – Արդյունքում Հայաստանը գնա՞ց այդ շեղ ճանապարհով:
– Ոչ, Հայաստանի նախագահը պարզ ասաց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ: Հիմա այդ թեմայով ընթանում են փորձագիտական խորհրդակցություններ:
Լրագրող – Բայց մենք նրանց հետ սահմաններ չունենք:
– Հայաստանի հետ չունենք, բայց միասնական մաքսային տարածքն այսօր իրենից աշխարհագրական միություն չի ներկայացնում: Մենք ունենք Կալինինգրադի շրջանը, որն իրենից անկլավ է ներկայացնում:
Հայաստանը ինքնուրույն պետություն է, ու որպես միասնական մաքսային տարածքի մասնիկ, մեզ հետ սահմաններ չունենալով, կունենա այնպիսի մաքսային ռեժիմ, որտեղ հայտարարվում է ապրանքների ազատ մուտք ու շրջանառություն, բայց միևնույն ժամանակ, ընդհանուր սահմանների բացակայության հետ կապված, այնուամանեյանիվ, պահպանվելու են ապրանքների շարժը վերահսկող որոշակի ձևեր: Մենք Կալինինգրադի օրինակի վրա այդ մեխանիզմը մշակել ենք՝ ըստ նմանության: Քանի որ Հայաստանը, որպես անկախ պետություն, պահպանում է իր մաքսային ծառայությունը, իր պետական, վարչական հսկողությունը, այստեղ կարելի է խոսել միայն տեխնիկական նմանության մասին:
Լրագրող – Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին վաղաժամկե՞տ է խոսել:
– Հասկանում եք, երբ մարդն ասում է, որ ինքնասպան է լինելու ու այդ մասին պնդում է մի ամբողջ տարի, դա մեզ չի ստիպում դրա հետ համակերպվել: Այդ առումով ես վստահ եմ, որ ողջամտությունը կհաղթի, ու մենք կկարողանանք Ուկրաինային, ԵՄ-ին ու ինքներս մեզ փրկել աղետալի հետևանքներից: