Թուրք լրագրող Ահմեթ Աբաքայն իր գրքում խոստովանել է, որ իր մայրը հայուհի է եղել, ում հայերը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ թողել են ալևի մի ընտանիքի դռան առջև: Աբաքայի խոսքով՝ իր հարազատները բուռն են արձագանքել այս բացահայտմանը:
Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի ղեկավար, լրագրող Ահմեթ Աբաքայն իր մոր՝ Հոշանայի պատմությունը պատմել է «Հոշանայի վերջին խոսքերը» (Hoşana’nın son Sözü) գրքում: Լրագրողի խոսքով՝ մայրն իր հայ լինելու մասին պատմել է մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:
«Մայրս իր պատմույթունն ինձ պատմել է 13 տարի առաջ, որից մի քանի շաբաթ անց մահացել է: Ես այս մասին ի վիճակի էի գրել միայն 10 տարի անց, քանի որ վարանում էի: Ես դժվարանում էի գրել, արցունքներս մի կերպ էի զսպում: Ես չէի պատկերացնում, որ այդ մասին գրելն ինձ կարող էր այդքան զգայուն դարձնել: Մայրս, անմեղ կատվի ձագի նման, լքվել էր ինչ-որ մարդկանց դռան առջև, ու այդ միտքն ինձ վշտացնում էր»,- «Հյուրիեթ»-ի հետ զրույցում ասել է Աբաքայը:
Նրա խոսքով՝ մայրն իր կյանքի՝ 82 տարի գաղտնի պահած պատմությունը որդուն պատմել է այն պայմանով, որ վերջինս ոչ մեկին այդ մասին չի պատմի, քան դեռ ինքը ողջ էր:
«Մայրս ինձ ստիպել էր խոստանալ, որ իր պատմությունը չէի պատմի կնոջս, դստերս, կամ իր քույրերին, քանի դեռ ինքը ողջ էր: Մորս կորցնելուց հետո՝ ես այդ մասին պատմեցի իմ ներքին շրջանակին՝ պարզելու, արդյոք կային այլ գաղտնիքներ, որոնց մասին մենք չգիտեինք: Քույրս, սակայն, ինձ զգուշացրեց չբացահայտել մորս գաղտնիքը իմ՝ լրագրող լինելու պատճառով՝ հիշեցնելով մեկ այլ թուրքահայ լրագրողի՝ Հրանտ Դինքի հետ պատահածը: Հարազատներիցս շատերը չէին կարողանում ընդունել իրենց նոր ինքնությունը»,- ասել է Աբաքայը:
Հարազատներից ոմանք հերքել են պատմությունը՝ պնդելով, որ Աբաքայի մայրը չափազանց ծեր էր՝ ասածների իմաստը գիտակցելու համար: Աբաքայի խոսքով՝ ինքը կատաղի արձագանքներ է ստացել ընտանիքի որոշ անդամների կողմից:
«Քեռուս երեխաներն ինձ ասել են՝ «ինչպե՞ս ես համարձակվում մեր հորաքրոջը հայ անվանել ու վիրավորել մեր ընտանիքի պատիվը: Դու հայկական հատվածը կհեռացնես գրքիցդ, այլապես մենք այն կհանենք վաճառքից: Ես ցանկանում եմ ուսումնասիրել իմ ինքնությունը, սակայն կասկածում եմ, որ կարող եմ շատ հեռուն գնալ: Ամեն դեպքում, ես ուրախ եմ իմ ինքնությունը վերադարձնելու համար», – պատմել է Աբաքայը: