Ավանդական ֆուտբոլային ճշմարտությունը, թե խաղը մոռացվում է, իսկ հիշվում է միայն արդյունքը, Հայաստան-Բուլղարիա խաղի պարագայում չպետք է գործի, քանի որ այս հանդիպումը կրկին վերհանեց Հայաստանի ընտրանու բոլոր խնդիրները:
Խաղի սկզբունքային բնույթը և Աշխարհի գավաթի ընտրական խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու Հայաստանի աննշան հնարավորությունները լրացուցիչ նյարդայնություն էին հաղորդել մեր թիմին: Հավասար առաջին խաղակեսում, սակայն, մեկ ֆուտբոլիստի՝ Արազ Օզբիլիսի փայլուն խաղը մեծ առավելություն ապահովեց Հայաստանի հավաքականի համար: Օզբիլիսը նախ ստիպեց մրցակցին իր դեմ խախտել կանոնները ու կարմիր քարտ ստանալ, ապա գեղեցիկ հարվածով իրացրեց տուգանայինը՝ 1:0:
Դա առաջին կեսի վերջին րոպեներն էին, ու երկրորդ խաղակեսը հայաստանցիները էլ ավելի վստահ պետք է սկսեին: Այստեղ էլ ի հայտ եկավ մեր թիմի վաղեմի խնդիրը՝ չենք կարողանում խաղալ առաջին համարով: Եթե դրան գումարենք չափազանց խոցելի պաշտպանությունը, ապա պարզ կդառնա, թե ինչու անգամ թվային առավելության պարագայում մեր թիմի դարպասի մոտ վտանգավոր պահեր էին ստեղծվում: Ի վերջո Իվելին Պոպովը իրացրեց տուգանայինը՝ հավասարեցնելով հաշիվը, որից հետո գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխն արդարացիորեն ևս մեկ բուլղարացի ֆուտբոլիստի խաղադաշտից դուրս հանեց երկրորդ դեղինի համար:
Ամենզարմանալին այն էր, որ հայաստանցիներն այդ մեծ առավելությունն էլ երկար ժամանակ չէին կարողանում գոլի վերածել, իսկ ստեղծված պահերը համառորեն ձախողում էին: Բացի դա, պաշտպանությունում էլ սխալների հետևանքով Բերեզովսկու դարպասի մոտ լարվածություն էր ստեղծվում, որն անընդունելի էր՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:
87-րդ րոպեին Մովսիսյանի խփած գնդակը, իհարկե, մեր թիմին կարևոր 3 միավոր պարգևեց, սակայն հաղթանակը տրվեց մեծ լարվածության գնով, ինչից կարելի էր խուսափել՝ 2 ֆուտբոլիստ ավել ունենալով:
Այսօր մեր խմբի մյուս խաղերում Չեխիան հաղթեց Մալթային մրցակցի հարկի տակ՝ 4:1, իսկ Դանիան տանը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ՝ 2:2: Ներկա պահի դրությամբ միայն հրաշքը հնարավարություն կտա Հայաստանի ընտրանուն երկրորդ տեղում հայտնվել. մեր թիմը պետք է հաղթի Իտալիային, չեխերն ու բուլղարները պետք է ոչ-ոքի խաղան, իսկ Մալթան մրցակցի հարկի տակ պետք է չպարտվի Դանիային: Նման համընկնումներ, թերևս, միայն հեքիաթներում են լինում: