Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում: Նման հայտարարությամբ Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում հանդես է եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս խոսքով՝ այսօր գործում է հայերին իրենց հայրենիքից տարհանելու հակահայ ծրագիրը:
«Այս պահին հակահայ ծրագիրը իրականացվում է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ: Նրա կողմից, սույն թվականի սեպտեմբերի 3-ին, երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա և կտրուկ փոփոխությունը, Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության համար: Այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր երկրին սպառնում է գների շեշտակի աճով և բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ և արտագաղթի ծավալների էլ ավելի մեծացմամբ:
Ուրեմն ի՞նչ վերջնանպատակ ունեն հակահայերը` մեր պատմական հայրենիքում թողնել այնքան բնակչություն և այդ բնակչությանը վերահսկող Սերժ Սարգսյաններ, ովքեր ի զորու չեն լինի հանդես գալ որպես ազատ և անկախ պետության քաղաքացիներ:
Սիրելի հայրենակիցներ,
Արթնացե´ք, արթնացրե´ք Ձեր մեջ Հայրենիքը կորցնելու վտանգի զգացումը,
Արդարության մարտիկնե'ր, ոտքի ելե´ք. Հայրենիքը պաշտպանության կարիք ունի», – Փոստանջյանի խոսքերը փոխանցում է «Ժառանգության» մամուլի գրասենյակը: