Home / Հայաստան / Ղարաբաղը միացնել Ռուսաստանի՞ն. Պուտինը Զորի Բալայանի նամակին դեռ չի պատասխանել

Ղարաբաղը միացնել Ռուսաստանի՞ն. Պուտինը Զորի Բալայանի նամակին դեռ չի պատասխանել

Հրապարակախոս Զորի Բալայանի (լուսանկարում՝ կենտրոնում) խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի մասին Սերժ Սարգսյանը «բացարձակապես տեղյակ չի եղել»: Այս մասին Բալայանն ասել է Yerkir.amհետ զրույցում: Այն հարցին, թե նամակը հրապարկելուց հետո էլ Սերժ Սարգսյանն իր հետ չի՞ կապվել, Բալայանը արձագանքել է. «Աբսալյուտնո»:

Նշենք, որ Բալայանն իր ծավալուն նամակում մեջբերում է 80-ական-90-ականների խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի խոսքերը, ով նշել էր, որ սխալ է ասել «Ղարաբաղի խնդիր», քանի որ դա ավելի շատ «Ռուսաստանի խնդիրն է»: Բալայանը Պուտինին կոչ է անում հիշել դա՝ նշելով, որ 1813 թվականի Ռուսական կայսրության և Իրանի միջև ստորգրված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ռուսաստանին, իսկ պայմանագրի մեջ նշված է, որ «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև «ժառանգորդներն» ու «հաջորդողները»: Բալայանն ընդգծում է, որ «Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրել են հավերժական ժամանակների համար» ու կոչ է անում Պուտինին այցելել Լեռնային Ղարաբաղ:

Բալայանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ  Վլադիմիր Պուտինն իր նամակին առայժմ չի արձագանքել: 

«Ես նամակում էլ գրել եմ, որ եթե անգամ չարձագանքի էլ, ես այդ նամակը պետք է գրեի»,-  ասել է Բալայանը, ով այլ հարցերի չի ցանկացել պատասխանել՝ նշելով, որ զբաղված է:

Արձագանքելով Զորի Բալայանի նամակի բովանդակությանը՝ գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը hayeli.am հետ զրույցում հայտարարել է, որ եթե կա հնարավարություն, որ Լեռնային Ղարաբաղը միանա Ռուսաստանին, ապա դա ընդունելի և արդյունավետ լուծում է:

«Որովհետև Ռուսաստանին միանալուց հետո Ղարաբաղը կարող է միանալ նաև Հայաստանին: Դա Ղարաբաղի հարցի լուծման ամենահաջող  տարբերակներից մեկն է: Եթե ԼՂՀ կոնֆլիկտը նման ձևով լուծվի, ամենակարևորը  այս պահին Ադրբեջանի հետ մեր ունեցած կոնֆլիկտը կվերանա: Փաստորեն այս պահին մենք Ադրբեջանի հետ ունենք  Ղարաբաղի չլուծված խնդիրը, որը լուրջ կոնֆլիկտ է: Եթե Ղարաբաղի Ռուսաստանին միավորելու   հնարավորություն լինի, ապա արդեն Ադրբեջանը ոչ թե մեր, այլ  Ռուսաստանի հետ կունենա կոնֆլիկտ, իսկ Ալիևը, վստահաբար չի համարձակվի հարձակվել Ռուսաստանի վրա: Թե չէ արդեն Ադրբեջանն իր ռազմատենչ  հոխորտանքով իսկապես կերավ մեր հոգին: Ճիշտ մենք դրան միշտ արժանի հակահարված տալիս ենք, բայց հարցը լուծում է պահանջում», – ասել է Դավոյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի աշնանը Զորի Բալայանի նախաձեռնող խմբի շարքում էր, որը բաց նամակ էր ուղարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ՀՀ խորհրդանիշները փոխելու մասին առաջարկով: Նախաձեռնողները, մասնավորպես, կարծում են, որ անհրաժեշտ է ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի զինանշանը: Նրանց խոսքով՝ զինանշանի վրայից պետք է հանել «Սովետական» բառը, փոխարենը գրել «Արևելյան Հայաստանի Հանրապետություն»: