Հոկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ովքեր աշխատելիս են եղել հանդերում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Քոսակյանը: Նա այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է», -տեղեկացրել է Հովհաննիսյանը:
Epress.am-ի հետ զրուցում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել է, որ թե իրենց բնակավայրը, թե հողատարածքները մշտապես գտնվում են հակառակորդի նշանառության տակ ու ոչ մի երաշխիք չկա՝ հաջորդ պահին ինչ կլինի:
«Մեր մոտ միշտ էլ վտանգը կա, ներկա պահին գյուղացիները բերքահավաքը վերջացրել են, հիմա նորմալ է: Կրակոցներից տուժած Քոսակյանի վիճակն արդեն կարգավորվել է», – եզրափակել է գյուղապետը: