Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն դիմել է Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով փակել ԱՄՆ-ի կենսալաբորատորիան, որը, իբր, ազդում է երկրի տարածքների վրա, հայտնում է Interfax-ը:
«Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք մեր մտահոգության մասին՝ Վրաստանի կառավարության կողմից չվերահսկվող լաբորատորիայի կապակցությամբ: Մեր գնահատականներով՝ այդ լաբորատորիան ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական պոտենցիալի կարևոր բաղկացուցիչներից է: Այդ լաբորատորիայի նպատակն է, ուսումնասիրելով ՌԴ տարածքում ու Կովկասում շրջանառվող վիրուսների բնական օջախները, մշակել բաղադրատոմսեր, որոնք հնարավոր կլինի օգտագործել երկրի տնտեսության, քաղաքական իրավիճակի ապակայունացման համար: Խոսքը գաղտնի կիրառման հնարավորության մասին է: Օրինակներ արդեն կան: Մենք կարծում ենք, որ սննդային շղթան գաղտնի կիրառման ամենակարևոր օղակներից է: Ռուսական շուկա մուտքի ռեժիմը միշտ ուղիղ կապ կունենա Վրաստանի տարածքում այդ ռազմակայանի գործունեության հետ»,- հայտարարել է Օնիշչենկոն:
Ավելի վաղ նա պնդում էր, որ Ռուսաստանում խոզերի աֆրիկյան տենդը բռնկվել էր «Վրաստանի տարածքում ծրագրված դիվերսիայի» հետևանքով: