Home / Հայաստան / «Խոտի դեզի» գործով համաներում կիրառվեց. մեղադրյալներն արդարացման համար կպայքարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խոտի դեզի» գործով համաներում կիրառվեց. մեղադրյալներն արդարացման համար կպայքարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խոտի դեզի» գործով մեղադրյալներն ազատվել են համաներմամբ: Նրանք բողոքարկելու են իրենց մեղավոր ճանաչած դատավորի վճիռը՝ արդարացման հասնելու ակնկալիքներով:

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, առաջադրված բոլոր հոդվածներով մեղավոր է ճանաչել «խոտի դեզի» գործով բոլոր չորս ամբաստանյալներին:

Արամ Մուղալյանը (լուսանկարում) և Ռոբերտ Փիլոյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզն այրելու համար  դատապարտվել են 2 տարի վեց ամիս ազատազրկման, իսկ Գագիկ Առաքելյանն ու Արթուր Քլյանը` 1 տարի 1 ամիս ազատազրկման: Բոլոր 4-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ և նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ մեղադրյալները և նրանց փաստաբանները խոսել են գործում առկա խախտումների և խոշտանգումների փաստերի մասին: Արամ Մուղալյանը ի նշան բողոքի սեպտեմբերի վերջից հացադուլ էր հայտարարել, որը 4 օրվա ընթացքում զուգակցվել էր նաև ջրադուլով:

Մեղադրվողները նշել են, որ իրենք խոտի դեզ չեն այրել, իսկ տուժող Խուդոյանը հունվարին երեք անգամ հաղորդում է տվել և ամեն անգամ նշել, որ ինքը որևէ վնաս չի կրել: Միայն վեց ամիս անց է տուժողը բարձրաձայնել վնասի մասին:

Ազատվելուց հետո՝ Արամ Մուղալյանը լրագրողներին ասել է, որ ինքը նման դատավճիռ էլ սպասում էր՝ դատելով գործի քննությունից:

«Եթե համաներում չլիներ, պայմանական պետք է տային, քանի որ նման աղմուկից հետո չէին կարող մեզ ազատազրկել, որովհետև գործը աբսուրդ է: Ոնցոր անմեղ մարդուն բռնեն, փակեն կես տարի, և ասեն՝ պետք է շնորհակալ լինես»,- ասել է Մուղալյանը:

Այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել հետագայում՝ Մուղալյանը պատասխանել է, թե հիմա ավելի ակտիվ է լինելու և ավելի շատ է պայքարելու:

«Հիմա երկիրը ինձ համար էս արեց, տեսնենք ես ինչ կարող եմ անել երկրի համար», – ասել է Մուղալյանը:

Նա հավելել է, որ կխորհրդակցի փաստաբանի հետ և, հավանաբար, կբողոքարկի դատավճիռը: Վերին ատյանի դատարան դիմելու են նաև Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը:

«Ինձ պետք չէր, որ ինձ համաներմամբ դուրս թողեն, ինձ պետք էր արդարացվել: Ես չեմ կարող ասել՝ ինչու մեր գլխին սարքեցին, քանի որ ես դեպքի վայրում էլ չեմ եղել, ինձ հետաքրքիր էր՝ դեպքի վայրը որտեղ է», – ասել է Գագիկ Առաքելյանը: