Հանրային հեռուստաընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, որի պատճառով, մասնավորապես, երեկ եթեր չի հեռարձակվել ժամը 17:00-ի «Հայլուր» լրատվական ծրագիրը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ վերջին շրջանում Հ1-ի նոր ղեկավարության կողմից արտերկրից ներկրված տեխնիկան հիմնովին տարբերվում է նախկինում օգտագործվողից և տեխնիկան աշխատեցնելու համար համապատասխան մասնագետներ չկան:
«Մոտ 2 շաբաթ առաջ եթեր մտած «Հայլուրի» աշխատակիցներն այս ընթացքում էքստրեմալ ռեժիմով են աշխատել։ Անցած շաբաթ «Կիրակնօրյա Հայլուրը» եթեր է մտել 10 րոպե ուշացումով, իսկ երեկ ժամը 5-ի «Հայլուրի» թողարկումն ընդհանրապես եթեր չի հեռարձակվել, ինչից հետո տագնապ են հնչեցրել՝ մեծ թվով մասնագետներ հրավիրել Նորք՝ խնդիրը կարգավորելու։ Փաստորեն, երկրի թիվ մեկ լրատվական ծրագիրը երկրի տնտեսության ու քաղաքականության նման խարխափում է և քանդվում», – գրում է թերթը։
«Հրապարակ»-ը կապվել է «Հայլուրի» տնօրեն Գևորգ Ալթունյանի հետ, ով ասել է, որ տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծելու համար ժամանակ է պետք:
Լրագրողի հարցին, թե խնդիրները նոր տեխնիկայի հե՞տ են կապված՝ Ալթունյանը պատասխանել է.
«Խնդիրներ լինում են, բարդ տեխնիկա է, և, բնականաբար, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ամբողջությամբ կարողանանք շահագործել։ Բայց այն կարծիքը, որ աշխատակազմը չի կարողանում աշխատել, կամ խնդիրներ կան, այդպես չէ»։
Ալթունյանի խոսքով՝ ընկերությունը, որից ձեռք է բերվել տեխնիկան, տրամադրել է նաև համապատասխան մասնագետ, որը սովորեցնում է աշխատակազմին և անձնակազմին, թե ինչպես օգտվել նոր տեխնիկայից։
«Առաջիկայում ամեն բան հունի մեջ կընկնի», – վստահեցրել է Ալթունյանը:
Թերթը հավելում է, որ «Հայլուրի» աշխատակիցները տնօրենի լավատեսությունն այնքան էլ չեն կիսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում