Home / Տեսանյութեր / Տեր-Պետրոսյանը Բալայանի մասին խոսել էր դեռևս 1989-ին

Տեր-Պետրոսյանը Բալայանի մասին խոսել էր դեռևս 1989-ին

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով հրապարակախոս Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած բաց նամակը մեկնաբանելու Ilur.am-ի խնդրանքին, խորհուրդ է տվել ընթերցել Բալայանի նմանատիպ մի այլ սկանդալային հրապարակման առթիվ ունեցած իր ելույթը:

Ելույթ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նստաշրջանում

(24 հունիսի, 1989 թ.)

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, խորապես մտահոգված ընթացիկ նստաշրջանի հակադեմոկրատիկ բնույթով, նրանում հնչած հիմնովին սխալ ու անհեռատես քաղաքական ծրագրով և հայ ժողովրդի իղձերի իրականացման համար ստանձնած պատասխանատվության զգացումով՝ իր պարտքն է համարում Հայաստանի գերագույն իշխանության ամբիոնից անելու հետևյալ հայտարարությունը։

Չնայած պատմական դառը փորձին, չնայած հայ ժողովրդի կրած բազմաթիվ հիասթափություններին, մեր որոշ մտավորական գործիչների կողմից շարունակվում է տենդագին կերպով քարոզվել քաղաքականապես սնանկ և վտանգավոր այն մտայնությունը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով՝ իր գոյությունը կարող է պահպանել միայն որևէ հզոր պետության հովանավորության շնորհիվ։ Այս մտայնությունը մեր ժողովրդին մատնում է բարոյական ստրկության և զրկում նրան քաղաքական պարտնյոր դառնալու հնարավորությունից, որը քաղաքականության մեջ հաջողության հասնելու երաշխիքն է։

Հայաստանի՝ որպես պանթուրքիզմի ծրագրի իրականացումը խափանող և դրանում Ռուսաստանի շահերին ծառայող գործոնի ըմբռնումը Հայկական հարցը կրկին ներքաշում է միջազգային քաղաքական հարաբերությունների բարդ ոլորտը, որ հղի է մեր ժողովրդի ճակատագրի համար վտանգավոր հետևանքներով։

Թեև պանթուրքիզմը, որպես գաղափարախոսություն, ապրելով իր ծաղկումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, ներկայումս փաստորեն կորցրել է քաղաքական գործոնի իր բովանդակությունը, քանի որ թուրքալեզու ժողովուրդները բռնել են ազգային զարգացման ուղին, նրա դեմ ուղղված խաչակրանքի կոչերը ընդունակ են այն նորից վերածելու քաղաքական գործոնի, և Հայաստանը դարձնելու պանթուրքիզմի, պանիսլամիզմի թիրախ։

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ավելի քան մեկ տարի գլխավորելով համաժողովրդական Շարժումը, սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու և պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը և հետևողականորեն կենսագործել է քաղաքական այն սկզբունքը, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն ու միայն սեփական ուժերին։ Քաղաքական այդ ուղին արդեն տվել է իր ակնհայտ դրական արդյունքները, և արցախյան խնդիրը մերժման, բռնադատման փուլից դուրս է բերվել լուծման փուլ։

Իր արդարացի, սահմանադրական պայքարի շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք է բերել բազմաթիվ դաշնակիցներ՝ ի դեմս միջազգային հասարակական կարծիքի, Մոսկվայի, Լենինգրադի, Մերձբալթյան հանրապետությունների և այլ դեմոկրատական ուժերի։ Դա նախ և առաջ հայ ժողովրդի համազգային շարժման շոշափելի նպաստի գնահատումն է Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսում և երկրորդ՝ արցախյան խնդրի արդարացի լուծման միակ գրավականը, որը մենք պարտավոր ենք փայփայել աչքի լույսի պես։

Գիտակցելով այս իրողությունը՝ արցախյան խնդիրը փակուղու առաջ կանգնեցնել ձգտող ուժերը հայ ժողովրդի դեմ նյութել են մի ահավոր դավ, որին այսօր, կամա թե ակամա, մասնակցում են որոշ հայ մտավորական գործիչներ։ Պանթուրքիզմի վտանգի, Թուրքիայի կողմից նվաճված հայկական տարածքների խնդրի արծարծումն այս պահին հետապնդում է միայն ու միայն մեկ նպատակ. հայ ժողովրդին ներկայացնել որպես ռևանշիստներ, վարկաբեկել արցախյան արդարացի պահանջատիրությունը և դրանով զրկել նրան վերոհիշյալ դաշնակիցների համակրանքից։ Այդ իսկ նկատառումով Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն խստագույնս դատապարտում է Հայկական հարցը միջազգային հարաբերությունների էժանագին խաղաքարտ դարձնելու հերթական փորձը և համոզմունք հայտնում, որ մեր ազգային իղձերի իրականացման միակ ուղին երկրի դեմոկրատացման գործընթացի անշրջելիության ապահովումն է և հայ ժողովրդի միաբանությունը՝ կերտված Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքների վրա։

Մենք վստահ ենք, որ եթե ժամանակին պաշտոնապես ճանաչվեր Հայոց համազգային շարժումը, և դրանով փոխըմբռնման հնարավորություն ստեղծվեր հանրապետության ղեկավարության և ժողովրդի ներկայացուցիչների միջև, ապա այսօր տեղի չէր ունենա քաղաքական այն արկածախնդրությունը, որին նվիրված է սույն հայտարարությունը։