ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջում է կրկին քննություն անցկացնել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի մահվան մեջ մեղավորների բացահայտման և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Իրավապաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ առաջարկելով հարցաքննության կանչել այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և տեղակալներ՝ Միքայել Գրիգորյանին և Գուրգեն Մելքոնյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին և ներկայիս պետ Գորիկ Հակոբյանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարին և նրա տեղակալնեին:
Ըստ Սաքունցի՝ հարցաքնությունը պետք է նպատակ ունենա մի շարք հարցերի պատասխաններ տալ, մասնավորապես, ինչ բովանդակությամբ հրահանգներ, ցուցումներ է տվել Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարի 24-ից մինչև 20008թ. Մարտի 10-ը, երբ են ստացվել դրանք, ինչ հիմնավորմամբ և ինչ նպատակներով:
Իրավապաշտպանը պահանջում է նաև հարցաքննել 2008 թ. Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամների Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից 2009թ. օգոստոսի 24-ին հրապարակված զեկույցում նշված անձանց՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչիկ Ղազարյանին, այն ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այն ժամանակ Երևանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին, այն ժամանակ Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին, այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին, այն ժամանակ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Առաքել Մովսիսյանին, ինչպես նաև ցուցակում չընդգրկված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, որոնց թիկնապահներին և թիկնազորերին են հատկացվել զինվորական համազգեստներ: Իրավապաշտպանն առաջարկում է պարզել, թե նշված անձինքն, նրանց թիկնապահները նշված ժամանակահատվածում որտեղ են գտնվել, ինչ նպատկաով և ինչ գործողություններ են կատարել:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին 10 օր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքներ անցկացնող ընդդիմության վրանային ավանը ոստիկանության կողմից ջախջախվեց առավոտ կանուխ: Ոստիկանական ուժերի հարձակումը սկսվեց մինչև 07:00-ն, իսկ Ազատության հրապարակից դուրս մղված մարդկանց իրավապահները դեռ երկար հետապնդում էին:
Ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երեկոյան ոստիկանության կողմից հրազեն կիրառվեց և զոհվեց առնվազն 10 մարդ՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը և Զաքար Հովհաննիսյանը: Մինչ օրս սպանությունների համար ոչ ոք չի դատապարտվել: