Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին մամուլում առավել շատ արծարծված թեմաներին ու լրատվամիջոցների կողմից դրանց լուսաբանմանը, ընդգծել է, որ տարբերությունները կտրուկ ու շատ մեծ են եղել:
Նրա խոսքով՝ ամենաքննարկվողներից են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը, Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը և առաջին տեղը զբաղեցնող՝ Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը:
«Մասնավորապես՝ եթե համեմատենք նախագահական, խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանումն ու Մաքսային միության հետ կապված լուսաբանումը, կտեսնենք շատ մեծ որակական գնահատականների տարբերություն», – ասել է ակումբի նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանի մամուլի համար ամենահաջողված փուլը եղել է մինչև մայիս ամիսը:
«Ցավոք, այսօրվա պատկերի հետ համեմատելիս տեսնում ենք, որ առաջընթաց դժվար է արձանագրել, իսկ հետընթացի լուրջ հիմքեր կան: Դա կապված է Մաքսային միություն – Ասոցացման համաձայնագիր հակասությունների լուսաբանման հետ. առաջատար լրատվամիջոցներում՝ առաջին հերթին, հեռուստաընկերությունների կողմից լուսաբանումը բավական միակողմանի է, ու խորը վերլուծություններ խնդրին չենք տեսնում: Անգամ այն լրատվամիջոցները, որոնք թույլ են տալիս մի քիչ լայն լուսաբանում՝ մի տեսակ ողղորդված լուսաբանման տպավորություն են թողնում», -ասել է Նավասարդյանը:
Նա նկատել է, որ անգամ Մաքսային միությանը դեմ լրատվամիջոցներն են միակողմանի լուսաբանել խնդիրը:
«Ասում են՝ «դա վատ է, բայց մենք ուրիշ ճար չունենք», «վատ է, բայց ամեն ինչում մեղավոր է Եվրամությունը», կամ ՝ «վատ է, քանի որ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը», շատ քիչ պատկերացում կա, թե այս ամենի մեջ Հայաստանի դերը որն է: Այս փուլում շատ հեշտ է մանիպուլացնել լրատվամիջոցների գործունեությունը, որ այնքան կարևոր, որ այնքան որոշիչ մի բան մեջտեղ բերել, ասենք՝ Զորի Բալայանի նամակը, ինչը մենք ընկալեցինք կարևորագույն իրադարձություն, մինչդեռ շատ ավելի կարևոր հարցեր կան», – ասել է բանախոսը:
Վերջինս նշել է, թե 3-4 տարի շատ ինտենսիվ ու բովանդակային բանակցություններ են ընթացել, բայց մանրամասն լուսաբանումներ չեն եղել:
«Բանակցային գործընթացը գաղտնի է, բայց գոնե կարելի էր մեր պաշտոնյաներից որոշակի բանավոր բացատրություններ պահանջել: Կամ կա շատ կարևոր Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզը, որը իր մեջ կոնսպեկտիվ ձևով պարունակում է Ասոցացման համաձայնագրի ամբողջ բովանդակությունը, բայց համարյա չտեսանք, որ մեր ԶԼՄ-ներն անդրադառնան այդ փաստաթղթին ու դրա շնորհիվ փորձեն բացատրել հանրությանը՝ ինչ է ի վերջո իրենից ներկայացնում այս համաձայնագիրը», – եզրափակել է Նավասարդյանը: