Գոմեշի մսի գործով 4 մեղադրյալների նկատմամբ համաներում դեռ չի կիրառվել, վնասն ամբողջությամբ հատուցելուց հետո միայն այդ հարցը կքննարկվի, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանին:
Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործով մեղադրյալները շարունակում են փոխհատուցել ՊԲ-ին հասցրած վնասը:
Հարցին, թե որքան է կազմում վնասի չափը, Մերի Սարգսյանն այս փուլում չցանկացավ նշել` հավելելով, որ դեռ նախաքննությունը շարունակվում է, և «երբ կավարտվի այն ժամանակ էլ կհայտնենք»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը, ով մամուլի տվյալներով հեռացել էր Հայաստանից, սակայն հետագայում վերադարձել էր:
Գործի շրջանակներում նախորդ տարվա օգոստոսի 29-ին ձերբակալվել էր «Ա.Օհանջանյան» ընկերության տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ:
Նշենք, որ 2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էրգոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: