Կոմիտասի 5 հասցեում օրեցօր նոր թափ հավաքող շինարությունը տագնապի մեջ է պահում տարածքի բնակիչներին: Նրանց պնդմամբ՝ շինարարությունը թուլացնում է հարակից շենքերի հիմքերը: Բնակիչները պատրաստվում են վերսկսել բողոքի ակցիաները, ինչի համար էլ օգնության խնդրանքով դիմել են մի շարք հասարակական կազմակերպությունների: Еpress.am-ի հետ զրույցում բակի բնակիչներից մի քանիսը զայրացած բողոքել են, թե մոտ օրերս նորանոր անակնկալներ են մատուցելու կառուցապատողին:
«Երևանի գլխավոր ճարտարապետի օգնական Արբակ Վարդանյանն ասում է, որ թեև նախագիծը հաստատված չէ, սակայն իրականացվում են զրոյական մակարդակի շինության աշխատանքներ, ինչի թույլտվությունը կառուցապատողն ունի: Մենք էլ ասացինք, որ այնտեղ միմիայն ստորգետնյա ավտոտնակներ պետք է լինեին, ոչ թե շինություն: Նաև ասել ենք, որ այդ ավտոտնակները կարող են վաճառել ում ուզում են և դրանով էլ կարող են իրենց գումարները հետ բերել: Հետո ինքը եկավ, տեսավ շինարարությունը, այնուհետ ասաց, որ այդ ուղղությամբ դեռ մտածում են: Իսկ ԱԻՆ-ը և քաղաքապետարանը չեն արձագանքում», – ասել է բնակիչներից մեկը՝ Նելլին:
Բնակիչներն ընդգծել են, թե իրենք շատ հիասթափված են տարբեր նախաձեռնությունների անդամների ու ակտիվիստների գործողություններից, ովքեր ամռնան իրենց ակտիվ սատարում էին, իսկ այժմ «մեզ լրիվ մոռացել են, սկզբից եկան, բոլորիս ոգևորեցին, հիմա որևէ մեկը մեզանով չի հետաքրքրվում»:
Կոմիտաս 7 հասցեում բնակվող Լուսինե Գևորգյանը նշել է, որ բողոքի ակցիաները դադարեցնելը պայմանավորված է եղել նրանով, որ փոքր հույսեր են ունեցել, թե քաղաքապետարանը ինչ-որ բան կձեռնարկի, սակայն համոզվելով, որ վերջիններս ոչ մի կերպ չեն միջամտում, այժմ իրենք պատրաստվում են սեփական ջանքերով փակել շինտեխնիկայի ճանապարը, ավելին՝ նաև Կոմիտասի պողոտան:
Գևորգյանը մեր թղթակցին նաև պատմել է, թե շինարարական աշխատանքների արդյունքում այնպիսի ահռելի փոս է գոյացել իրենց շենքի հարևանությամբ, որ անձրևների սկսվելու հետ միասին թեքության վրա գտնվող իրենց շենքը կարող է հայտնվել սողանքի վտանգի առջև: