Ոստիկանությունը չի համարում, որ կարիք կա «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այսօր ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 9-ին Եղնուկյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմում է ներկայացրել իր և ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռք առնելու համար՝ պատճառաբանությամբ, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» շենքի ճակատային մասին փակցրել են իր նկարը և գրառել՝ «մասոն. ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:
«Ուսումնասիրելով Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ դիմումը՝ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը գտնում է, որ նրա կողմից բերված հիմքերը քննության ներկա փուլում բավարար չեն անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության 98 հոդվածի պահանջների՝ պաշտպանության միջոցներ են կիրառվում հանցագործության բացահայտման և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնող անձի նկատմամբ, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, ընտանիքի անդամների առողջությունը, գույքը, իրավունքները և օրինական շահերը, ուստի վերջինս ունի պաշտպանության իրավունք: Մինչդեռ քրեական գործի քննության ընթացքում նման տեղեկություններ Եղնուկյանը չի հայտնել, ուստի նրա միջնորդությունը այս փուլում անհիմն է և ենթակա է մերժման», – սեպտեմբերի 9-ին ստացված Եղնուկյանի դիմումին ի պատասխան՝ պաշտոնապես հայտնում է ոստիկանությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց կայացած բողոքի ակցիայի ժամանակ անհայտ անձը ծակել էր Կարո Եղնուկյանի մեքենայի անվադողերը: Եղնուկյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ հաջորդ անգամ կարող են «ծակել իմ մարմինը»: