Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպի իրական տեսանյութը հասանելի է դարձել հանրությանը: Այն տարածել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն:
Հիշեցնենք, որ դեպքի մի տեսանյութ արդեն հրապարակվել էր մամուլում. այն տարածել էր Սյունիքի մարզպետարանը: Այդ տեսանյութը, ըստ Բուդաղյանների ներկայացուցչի, մոնտաժված է և դեպքը հասկանալ թույլ չի տալիս:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ալումյանը, գործերում կցված, չմոնտաժված տեսաձայնագրությունում երևում է, որ Բուդաղյանը զենք չի վերցրել մինչև այն պահը, երբ Տիգրան Խաչատրյանը սկսել է կրակել, մինչդեռ քննիչը որոշումներ է կայացրել, որոնցով Բուդաղյանին է մեղավոր ճանաչել սպանության փորձ կատարելու մեջ, իսկ Տիգրան Խաչատրյանին և նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատ է արձակել այն հիմքով, թե նրանք ինքնապաշտպանվել են:
Ըստ Ալումյանի՝ ինչ վերավերում է Ավետիք Բուդաղյանին, ապա տեսանյութից երևում է, որ նա եղել է հաշտարարի դերում, մինչ Խաչատրյանը զենքը չի վերցրել և բաց թողել առաջին երեք կրակոցները և մինչ չի տեսել, որ իր եղբոր վրա են կրակել: Խաչատրյանը և նրա թիկնապահը կրակել են 11 անգամ, իսկ Բուդաղյանները՝ 2 անգամ, ուստի խոսք չի կարող լինել այն մասին, թե Խաչատրյանն ու իր թիկնապահը պաշտպանվել են: