Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») հետ սեպտեմբերի վերջին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ռուս սահմանապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը այսօր խորհրդարանում բուռն բանավեճի առարկա դարձավ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտոնական գրությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Գորիկ Հակոբյանից հետաքրքրվել էր, թե իրավական ինչ հիմնավորում ունեին ռուս սահմանապահների գործողությունները, որոնք, Փոստանջյանի պնդմամբ, Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ, փակելով միջպետական ճանապարհը, առանց հիմնավորման կանգնեցրել են և խուզարկել են իր մեքենան: «Ժառանգության» պատգամավորը նաև հայտարարել էր, որ պարզաբանումների ընթացքում ռուս սահմանապահները «Ժառանգության» տեսախցիկը խլելու փորձ անելիս կոտրել էին այն:
ԱԱԾ-ի պետը Փաշինյանին խորհուրդ էր տվել հետաքրքրվել Ազգային ժողովի նախագահից, ում ինքը հարկ էր համարել ներկայացնել իր հիմնավորումները:
Այդ հիմնավորումները պարզելու Փաշինյանի մի քանի փորձերից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե հավատում է ոչ թե ռուս սահմանապահների կողմից օրենքը խախտելու մասին Փոստանջյանի պնդումներին, այլ ռուս սահմանապահներին. «Ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ Դուք կարող եք նաև զրպարտությամբ զբաղվել, հայտարարություն անել, որը իրականությանը չի համապատասխանում»:
«Այստեղ խնդիրը Հայաստանի ինքնիշխանության մասին է: Կամ կարո՞ղ է հայտնի պիեսի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունն այլևս ինքնիշխան պետություն չէ, բայց մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի, – շարունակել է պնդել Փաշինյանը, – Կարո՞ղ եք հստակ պատասխանել. ովքե՞ր են, ինչի՞ համար են բլոկպոստ սահմանել… Իրենք ի՞նչ իրավական հիմքով են այնտեղ կանգնել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կանգնեցրել, հարցեր տվել և խոչընդոտել նրանց տեղաշարժը»:
Հովիկ Աբրահամյանը այդպես էլ չհրապարակեց ԱԱԾ-ի պարզաբանումները, թեև Զարուհի Փոստանջյանը չի դադարեցրել դրանք ստանալու փորձերը: