Մոսկվայում «Պրինց» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ազգությամբ հայ Գանիկ Մաղլյանը, Արարատ Սարգսյանն ու Արման Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությանը:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Կոնֆլիկտի պատճառները չեն բացահայտվել: Ըստ նախնական տվյալների՝ ծեծկռտուքին մասնակցել է հինգ մարդ, որոնցից երկուսը զինված են եղել տրավմատիկ ատրճանակով: Նրանք վնասվածքներ են հասցրել իրենց հակառակորդներին ու փախուստի դիմել:
Տուժածները հոսպիտալացվել են ու բժշկական օգնություն ստանալուց հետո՝ ազատ արձակվել:
Ինչպես հայտնում է lifenews.ru-ն, 20-ամյա Ազամաթ Շամսուևն ու 21-ամյա Մահոմեդ Մալիկովը դեպքի վայրից փախուստի են դիմել BMW մակնիշի մեքենայով, սակայն շուտով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ազամաթ Շամսուևն ինքնակամ հանձնել է իր անունով գրանցված տրավմատիկ ատրճանակը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ:
Ավելի վաղ Ոստիկանությանը հայտնել էին, որ ագրեսիվ տրամադրված քաղաքացիների երկու խումբ միմյանց հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Երիտասարդները, սակայն, միայն խոսքերով չեն սահմանափակվել ու քիչ անց կրակոցներ են հնչեցրել: