KfW գերմանական զարգացման բանկի գործադիր տնօրեն Ուլրիխ Շրեդերին խնդրում են KfW-ի ֆինանսավորմանը ներկայացված նախագծերի ցուցակից հանել «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը:
Բանկի տնօրենին ուղղված իր բաց նամակում «Էկոլուր» ՀԿ-ն նշում է, որ KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը ներկայացված «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է Հայ-գերմանական հիմնադրամի փոքր ՀԷԿ-երի նախագծերի ցուցակում:
«KfW-ի ուշադրությունն ենք ուղղում այն բանի վրա, որ «Արգիճի» ՓՀԷԿ-ը կառուցված է անօրինական: «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նախագծին տրված բնապահպանական փորձաքննությունը ժամկետանց է և կորցրել է օրինական ուժը: Նախագիծը ստացել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը 04.06.2006թ-ին, այսինքն՝ կառուցումը սկսելուց 8 տարի առաջ: Իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետում ասված է. «Փորձագիտական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսված գործունեության իրականացումը սկսված չէ փորձագիտական եզրակացության ստացումից հետո մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձագիտական եզրակացություն»», – ընդգծում է բնապահպանական կազմակերպությունը:
Նամակում նշված է նաև, որ նոր նախագիծը նոր փորձաքննության չի ներկայացվել, չեն անցկացվել պարտադիր հասարակական լսումները, չեն ներկայացվել փորձագիտական եզրակացությունները: Տվյալ դեպքում պարտադիր եզրակացություն է հանդիսանում Սևանա լճի էկոհամակարգի պահպանման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի գիտափորձագիտական գնահատումը:
«Էկոլուրը» մեջբերում է նաև հատված Բնապահպանության նախարարության նամակից, որում նշված է, թե Գեղարքունիքի մարզի տարածքային բնապահպանական տեսչության կողմից անցկացվել են ստուգումներ, և պարզվել է, որ կառուցման գործընթացի ժամանակ նախագիծը չի փոխվել:
«Սակայն բնապահպանական տեսչությունը պետք է արձանագրեր այն փաստը, որ նախագիծը չունի եզրակացություն, և կազմեր ՀՀ Օրենքը խախտելու ակտ, ոչ թե տրամադրեր եզրակացություն շինարարության սկզբնական նախագծին, քանի որ դա չի մտնում տեսչության գործառույթների մեջ», – ընդգծում է ՀԿ-ն:
«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կառուցումը խախտել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, քանի որ Արգիճի գետը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում է, իսկ, համաձայն օրենքի, արգելվում է ցանկացած գործունեություն, որը ուղղակի կամ անուղղակի ազդում է Սևանա լճի վրա, լիճը թափվող հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարական և թունաբանական, հիգիենիկ և այլ որակական և քանակական ցուցանիշների վրա:
Արգիճի գետը էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր է, որոնց պոպուլյացիայի պահպանման և վերականգնման համար ՀՀ պետբյուջեից տարեկան հատկացվում է մոտ 70 միլիոն դրամ, որը համարժեք է 170 000 դոլարի: Այսինքն, «Արգիճի» ՓՀԷԿ-ը էական վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին:
«Կարծում ենք, որ հայտնաբերված խախտումները կարող են հիմք ծառայել, որպեսզի «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը հեռացվի տնտեսվարող սուբյեկտների ցուցակից, որոնք կարող են ստանալ KfW-ի «կանաչ» վարկերը, քանի որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի գործունեությունը անօրինական է և էական վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին», – եզրափակում են նամակի հեղինակները: