Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը մեծ դեր է ունեցել Ներքին զորքերի ձևավորման մեջ ու այդ կառույցն օգտագործել երկրում անկարգություններն ու զանգվածային բողոքի ցույցերը ճնշելու գործընթացում, գրում է Contact.az-ը:
Ռուսաստանյան "Военно-промышленный курьер" (Ռազմարդյունաբերական սուրհանդակ) շաբաթաթերթի հետ զրույցում Հասանովը հայտարարել է, որ Ներքին զորքերը միանշանակ դադարեցնելու են ապակառուցողական տարրերի ցանկացած գործողություն, լինեն դրանք անկարգություններ կամ այլ օրենսդրական խախտումներ. Ադրբեջանում գունավոր հեղափոխություններ չեն լինելու:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում պետբյուջեից ՆԶ ֆինանսավորումը տարեկան աճել է 40%-ով: Ներքին զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկայով՝ կապ, զինամթերք, ծանր տեխնիկա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սարքավորումներին ու հատուկ ուժերի նախապատրաստմանը: Հասանովի հպարտության առարկան է Ներքին զորքերի զինյալների «Գալա» ուսումնական կենտրոնը, որը կառուցվել ու գործում է Թուրքիայի Ժանդարմերիայի հետ սերտ համագործակցության արդյունքում:
«Ղարաբաղում գալիք պատերազմում Ներքին զորքերի մասնակցության վերաբերյալ Հասանովը ասել է, որ ադրբեջանական կողմը հարձակվելու է, այդ պատճառով շատ ժամանակ է տրամադրվում մարտական պատրաստվածությանը: Առավել արդյունավետ զորավարժություններ անցկացնելու նպատակով՝ Ներքին զորքերին տրամադրվել է տարածք Բաքվի շրջակայքում, որի բնական պայմանները նման են Ղարաբաղի պայմաններին»,- գրում է Contact.az-ը: