Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պնդում է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները «հանդգնություն չունեն քրեական գործ հարուցելու և գերադասում են շարունակել Լիսկայի (նկատի ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին – խմբ.) ծանր ոճիրների նկատմամբ իրենց հանցավոր անգործությունը»:
Վաղը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սուրիկ Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ Սամվել Հարությունյանի: Խաչատրյանը պահանջում է Հարությունյանին մեղավոր ճանաչել զրպարտության մեջ և նրանից բռնագանձել 1.5 միլիոն դրամ, իսկ Հարությունյանը դատական նիստին ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել:
«Անկասկած, այս պայմաններում ևս լռությունը համաձայնության նշան է: Լիսկան հայցադիմումում նշել է, որ ես իբր իրեն զրպարտել ու վիրավորել եմ իր պատիվն ու արժանապատվությունը (մեղա, մեղա), որ ինքը կապ չունի 1992 թվականի դեկտեմբերի 26-ին Արևիկ Միրզոյանի սպանության փորձի և 1996 թվականի փետրվարի 17-ին Գորիս քաղաքի բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա կրակելու փաստերի հետ: Պնդում եմ, որ ի թիվս բազում հանցանքների՝ Լիսկան, միայն Լիսկան է հեղինակել այդ ծանր ոճիրները: Արդեն պարզել եմ, որ Արևիկ Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ Սիսիանի դատախազությունում հարուցված քրեական գործը մինչ օրս կարճված չէ, գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության վարույթում, և ես վկայի կարգավիճակով օրերս երկու անգամ ցուցմունքներ եմ տվել Սուրիկ Խաչատրյանի կատարած առանձնակի ծանրության այդ հանցագործության մասին»,- այսօր տարածած հաղորդագրության մեջ գրում է Հարությունյանը: