Home / Հայաստան / Մխիթարյանի գոլը օգնեց «Բորուսիային» հաղթել Լոնդոնում

Մխիթարյանի գոլը օգնեց «Բորուսիային» հաղթել Լոնդոնում

Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը անհաջող սկսած Դորտմունդի «Բորուսիան» հոկտեմբերի 22-ին կարևոր քայլ կատարեց դեպի փլեյ-օֆ փուլ:

Դորտմունդցիները Լոնդոնում 2:1 հաշվով պարտության մատնեցին «Արսենալին»: Հյուրերը բավական լավ սկսեցին առաջին խաղակեսը, և 16-րդ րոպեին, խաղընկերների կազմակերպած պրեսինգի արդյունքում գնդակ ստանալով, «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ 17 մետրից դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Սա Մխիթարյանի 3-րդ գոլն էր Չեմպիոնների Լիգայում, նախորդ 2-ը հայաստանցին հեղինակել էր Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Ընդհանրապես Մխիթարյանը որակյալ ֆուտբոլ ցուցադրեց, նա լավագույններից մեկն էր խաղադաշտում մինչև երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինվելը:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալը» ուժեղացրեց ճնշումը և կարողացավ խաղը տեղափոխել «Բորսուսիայի» դարպասի մոտ: Որպես արդյունք՝ թիմը հավասարեցրեց հաշիվը 41-րդ րոպեին, մրցակցի դարպասապահի սխալից օգտվեց Օլիվյե Ժիրուն:

Երկրորդ խաղակեսն անցավ լարված, նյարդային պայքարում: Թիմերը շատ քիչ էին պահեր ստեղծում. «Արսենալի» լավագույն գրոհն ավարտվեց Կասորլայի հարվածով, գնդակը հետ մղեց դարպասաձողը, իսկ ահա «Բորսուսիան» 82-րդ րոպեին արագ հակագրոհ կազմակերպեց և հաջողության հասավ: Կևին Գրոսկրոյտցի փոխանցումից հետո գրոհը եզրափակեց Ռոբերտ Լևանադովսկին: Մնացյալ ժամանակում լոնդոնցիները ոչինչ չկարողցան անել:

Նույն խմբում իտալական «Նապոլին» կարևոր հաղթանակ տարավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով: Այժմ «Արսենալը», «Նապոլին» և «Բորուսիան» 6-ական միավոր ունեն, և երկու ուղեգրի համար պայքարը շարունակվելու է մինչև վերջին տուր: