Այսօր առավոտից նախագահական նստավայրի դիմացի մայթին ամուսնու ազատազրկման դեմ բողոքող 26-ամյա Թագուհի Քոչարյանը ժամը 15:30-ի սահմաններում պաստառով հատել է փողոցը ու մոտեցել նստավայրի դարպասներին այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ճանապարհում էր իր հյուրերին:
Epress.am-ի տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են ոստիկանները Քոչարյանին հեռացնում նստավայրի մայթից ու հետո նախատում, թե՝ «արածդ քո դուրն եկա՞վ»:
Քոչարյանը մեր թղթակցի հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե իր քայլով արժանացել է Սերժ Սարգսյանի ուշադրությանը:
«Հույս ունեմ, որ նախագահը կխղճա ու կհետաքրքրվի, թե ինչ խնդրանքով եմ այստեղ եկել, ու կօգնի: Էլ տարբերակ չունեմ, ինձ դո՞ւր ա գալիս՝ ամբողջ օրը գալ ու էստեղ կանգնելը: Տուն չեմ ուզում, փող չեմ ուզում, ընտանիքս եմ ուզում, ի՞նչ է՝ դժվա՞ր է հասկանալը», – ասել է Քոչարյանը:
Ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր Քոչարյանի խնդիրը: