Եղվարդ–Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհված Էդգար և Էդուարդ Հակոբյանների քրոջ՝ Տաթևի վիճակը շարունակում է ծանր մնալ՝ նա բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ ունի ու աղջկա ապաքինվելը հրաշք կհամարվի: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ դերասան Վարդան Պետրոսյանի BMW մակնիշի ավտոմեքենան հարվածել էր «Նիվային», որում Հակոբյանների ընտանիքի 6 անդամներ էին գտնվում: Հակոբյան եղբայրները իրենց զավակների հետ Ծաղկաձորից վերադառնալիս են եղել, և վթարի հետևանքով զոհվել են նրանց 16-ամյա որդիները:
«Դեռևս չհաստատված վարկածով, Վարդան Պետրոսյանն իր BMW մակնիշի մեքենայով հետևից հարվածել է «Նիվային», ինչը հստակ երևում է նաև վթարի վայրից արված լուսանկարներից։ Թեև նրա մեղավորությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվում՝ թերևս միայն այն պատճառով, որ նա հայտնի դերասան է, սակայն Աշտարակում խոսում են, որ նա 160 արագության տակ է վարել մեքենան», – գրում է թերթը։
Երեխաների հայրերը նույնպես հիվանդանոցում են, նրանցից մեկի վիճակը նույնպես ծանր է, երկու վիրահատության է ենթարկվել, ողնաշարը մի քանի տեղից կոտրվել է, և մեծ է հավանականությունը, որ սայլակին գամված կմնա։
Վթարից հետո միայն Էդգարի քույրը՝ Էմման է քիչ տուժել, նա գրեթե վնասվածքներ չի ստացել և մինչ օգնության ժամանելը, ինքն է փորձել եղբայրներին դուրս բերել մեքենայից։
Աղջկա ընկերուհին թերթին պատմել է, որ ճիշտ է՝ Էմման ֆիզիկապես լավ է, դուրս են գրել հիվանդանոցից, սակայն հոգեպես չափազանց վատ վիճակում է, որովհետև տեսել է ամեն ինչ և փորձել վիրավորված եղբայրներին ու քրոջը դուրս բերել մեքենայից։
«Առավել ծանր է Էդգարի և Էմմայի մոր վիճակը, նա կորստից կորցրել է իրեն, հոգեկան շատ ծանր վիճակում է գտնվում։ Իրենց պատկանող հարսանյաց սրահն էլ ուզում է սգո սրահի վերածել, որովհետև, իր խոսքով, իր տան լույսը մարել է, էլ ինչին է պետք հարսանյաց սրահը։ Շոկի մեջ են նաև բարեկամներն ու հարազատները։ Մահացած երեխաներին դեռ չեն հուղարկավորել, արտասահմանից եկող բարեկամի են սպասում»,- գրում է թերթը։
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի վիճակը վիրահատության ենթարկվելուց հետո կայուն է, նրան վերակենդանացման բաժնից այսօր կարող են պալատ տեղափոխել: