Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի պատգամավորներին զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, ըստ էության, ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:
Տարածած հայտարարության մեջ Անդրեասյանը նշում է, որ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Եվ դա այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ:
Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ:
Օմբուդսմենը նշում է, որ նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաև կարգապահական պատասխանատվությունը՝ դատավարական օրենքի խախտման հիմքով:
Նախագծով կարգավորվում է նաև դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն: Բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ դատական վիճակագրության համաձայն՝ Վճռաբեկ դատարաններ կայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում: